Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի հետեվանքով վտանգված են մարդու համընդհանուր իրավունքները
2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական իրավիճակը ՀՀ ինքնիշխան տարածքում մտահոգիչ մարտահրավեր է նետել տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
2019 թվականից, Սեքս աշխատանքի և սեքս աշխատողներին ուղղված ծրագրերի համաշխարհային ցանցի (NSWP) նախաձեռնությամբ, ամեն տարի սեպտեմբերի 14-ին նշվում է Սեքս աշխատողների հպարտության օրը՝ որպես նշանակալից իրադարձություն սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության շարժման համար։ Այս օրվա նպատակն է նշել սեքս աշխատողների ինքնորոշման իրավունքը և նպաստել նրանց տեսանելիության մեծացմանը։ Այն միտված է նաև խոսելու սեքս աշխատողների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ձեռքբերումներից, սեռական ծառայություններ մատուցողների և մարգինալացված այլ խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացից, առկա խնդիրներից և հետագա անելիքներից:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ևս պատրաստվում էր կիսել սեռական ծառայություն մատուցող անձանց իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ոլորտում իր ունեցած ձեռքբերումները։
Սակայն ստեղծված իրավիճակում, չանտեսելով խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության կարևորությունը, ՆՍՀԿ-ն ցավով արձանագրում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, այսօր վտանգված են մարդու ամենատարրական, համընդհանուր իրավունքները և հիմնարար ազատությունները։
Այսպիսով, որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար: