«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի որոշ դրվագների համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (Հանձնաժողով) 2022թ-ի հուլիսի 7-ին «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի վերաբերյալ հարուցված վարչական վարույթներով  հրավիրված նիստի ժամանակ արձանագրել է, որ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և Հանձնաժողովի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշումով ամրագրված՝ արգելված ժամանակահատվածում ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում խախտվել են տեսալսողական հաղորդման հեռարձակման սահմանափակումները՝  համամարդկային արժեքների նսեմացում, վարկաբեկում , գռեհկաբանություն և հայհոյախոսություն։ Արդյունքում որոշում է կայացվել «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: 

 

ՆՍՀԿ-ն 2022թ-ի հուլիսի 25-ին կրկին գրություն է ուղարկել Հանձնաժողով խնդրելով համապատասխան ընթացք տալ հեռուսատասերիալի 20-րդ սերիայում նույնասեռական անձի դեր կատարողի նկատմամբ ակնհայտ բռնություն պարունակող, նույնասեռական անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք և  ատելություն պարունակող դրվագների մասով։ 

2022թ-ի հուլիսի 28-ին ստացվել է Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դ․Սարգսյանի N05/1-608 պատասխան գրությունը, որով հայտնում են, որ մեր կողմից մատնանշված դրվագներում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել։  ՆՍՀԿ-ն վերոգրյալի առթիվ ներկայացրել է կրկնակի գրություն։ 

Կազմակերպությունը ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանի։ 

 

Գործի նախապատմությունը։ 

2022 թ.-ի հունիսի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գրություն էր ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (Հանձնաժողով)` խնդրելով օրենքով սահմանված կարգով ՀՀ Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներում համապատասխան ընթացք տալ  ցուցադրվող Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի 3-րդ մասով ցուցադրված դրվագների առնչությամբ (մանրամասները՝ այստեղ)։ 

2022 թ.-ի հունիսի 9-ին ՆՍՀԿ-ին ուղղված գրությամբ Հանձնաժողովը տեղեկացրել էր, որ հարուցվել է վարչական վարույթ։