«ՄԵԿ ԲԱՑԻԿ ՄԵԿ ԲՆԱԿԱՐԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

2022թ-ի փետրվարի 18-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (այսուհետ նաև ՆՍՀԿ) է դիմել քաղաքացի Մ․Մ․-ն հայտնելով, որ 2016 թվականին 4-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ «Մեկ բացիկ մեկ բնակարան» նախաձեռնության կողմից իրենց ընտանիքին է հանձնվել բնակարան։ Վերջինս միաժամանակ տեղեկացրել է, որ չնայած բնակարանը նվիրատվությամբ է հանձնվել իր ընտանիքին, այնուամենայնիվ այն  գրանցվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու  անունով։ Նախաձեռնության շրջանակներում տպագրվել են բացիկներ և վաճառվել քաղաքացիներին, որից ստացված հաստույթով էլ գնվել են բնակարանները՝ ընտանիքներին նվիրելու նպատակով, սակայն գնորդ քաղաքացիները չեն տեղեկացվել այն մասին, որ բնակարանները սեփականության իրավունքնով պատկանելու են եկեղեցուն։ Ամուսինների ամուսնալուծությամբ պայմանավորված Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականը անձին հայտնել է, որ պետք է ազատի բնակարանը։ 

Նշյալ դեպքի առնչությամբ ՆՍՀԿ-ն դիմել է ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տալ իրավական ընթացք։ Ոստիկանության համապատասխան բաժինը պատասխան գրությամբ հայտնել է, որ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն, որն էլ կարող է որոշել հիշյալ սեփականության տնօրինման հետ կապված հարցերը։ Միաժամանակ հայտնել է, որ դիմումում նշված պահանջը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա է լուծման դատական կարգով։ 

ՆՍՀԿ-ն այն բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործի առնչությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով։ Բողոքը մակագրվել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն, որն էլ հանձնարարել է ձեռնարկել ստուգողական գործողություններ հանգամանքները պարզելու կապակցությամբ։   

ՀՀ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2022թ-ի մայիսի 24-ին ՆՍՀԿ-ն ստացել է նույնաբովանդակ պատասխան՝ «Բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն, որն էլ կարող է որոշել հիշյալ սեփականության տնօրինման հետ կապված հարցերը։ Միաժամանակ հայտնել է, որ դիմումում նշված պահանջը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա է լուծման դատական կարգով»։Այսպիսով, հետաքննության մարմինը ցուցաբերել է անգործություն՝ մի շարք կարևոր հանգամանքների շուրջ օբյեկտիվ քննություն չիրականացնելով, մասնավորապես թե ի՞նչ հանգամանքներում է ընտանիքին նվիրատվություն կատարված բնակարանը գրանցվել Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու անունով։ 

Գործը գտնվում է ընթացքի մեջ։ 

 

Պարզաբանում․ 

1․ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 594-րդ, 1-ին կետ 

  • Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա’մ իրեն, կա’մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: 

 

2․ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 55-րդ, 3-րդ կետ 

  • Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար: