ԿԱՅԱՑԱՎ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԵՎ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

2022 թվականի ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցավ սեքս աշխատող և տրանս* անձանց առաջին ազգային համաժողովը, որը միավորեց բազմաթիվ մասնակիցների ողջ Հայաստանից։

 

Այս տարի համաժողովը նվիրված էր առողջապահական ոլորտում Հայաստանի սեքս աշխատող և տրանս* անձանց կարիքների վերհանմանը, խնդիրների բացահայտմանը և դրանք լուծելու ուղղություններ փնտրելուն համայնքների ներկայացուցիչների աչքերով։

 

Համաժողովի առաջին հատվածը նվիրված էր Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծառայությունների, ծրագրերի առաջընթացի, բացերի քննարկմանը և դրանց հասցեավորմանը։ Քննարկմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը և գնահատման ու մոնիթորինգի մասնագետ Նաիրա Սերգեևան։ Քննարկումը ֆասիլիտացնում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Կամելիա Ղանդիլյանը։ Մասնակիցները ակտիվորեն քննարկեցին ՄԻԱՎ-ի ոլորտում տրամադրվող ծառայությունները, խոսեցին կանխարգելիչ նյութերի քանակից և որակից, ծառայությունների հասանելիությունից, ի հայտ եկած խնդիրներից, դրանք լուծելու տեսլականից և շատ այլ հարցեր։ Մասնակիցների կարծիքները, մտահոգությունները և առաջարկությունները լսելուց հետո ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց իրականացվող աշխատանքները և բարեփոխումները, տվեց մտահոգող շատ հարցերի պատասխաններ։

 

Երկրորդ հատվածում մասնակիցները խոսեցին ՔՈՎԻԴ-19 համավարակի և նրա ազդեցությունների մասին, որոնք սեքս աշխատող և տրանս* համայնքները կրել են։ Բարձր գնահատվեց նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և տրամադրվող աջակցությունների  դերը համավարակի ազդեցությունները մեղմելու ուղղությամբ։

 

Վերջին սեսիան վարեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբի անդամ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ Հմայակ Ավետիսյանը, որը խոսեց որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորության մասին, քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք առաջարկվեց ներկայացնել ՄՀՀ հերթական նիստի ընթացքում։ Մասնակիցներից մի քանիսը ցանկություն հայտնեցին ներգրավվել նաև ՄՀՀ հաջորդ նիստում որպես մասնակիցներ։

 

Սեքս աշխատող և տրանս* անձանց առաջին ազգային համաժողովը անցավ քննարկումների և հարցուպատասխանի չափազանց ակտիվ մթնոլորտում։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց խոսելու իրենց խնդիրների վերաբերյալ և ինքնուրույն առաջարկելու լուծումներ։

 

 

Համաժողովը կազմակերպվել է «Տրանս քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում ստեղծված Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբի անդամ 3 կազակերպությունների՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ, ջանքերով և նախաձեռնությամբ։