ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՆՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՔՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

«Գենդերային ինքնություն» և «սեռական կողմնորոշում» հասկացություններն այսօր հանրության մեջ տարածված, շատ քննարկվողներից են։ Հաճախ նույնացվող այս տերմիններին, դրանց տարբերությանը արդեն անդրադարձել ենք մեր նյութերից մեկում․ ավելի մանրամասն կարող եք կարդալ այս հղումով։

 

Շատ հաճախ տրանսգենդեր անձինք իքնազգացողության և շրջապատի ակնկալիքների անհամապատասխանության պատճառով հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների, ենթարկվում են խարանի, խտրականության, բռնության․ այդպիսի դեպքերը բազմաթիվ են, և դրանց թիվն օրեցօր ավելանում է։ Բացի հասարակության բացասական վերաբերմունքից և արձագանքից՝ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որը խանգարում է տրանս* անձանց ներառվել հասարակությունում և ոչ միայն, այսպես ասած, ընդունված լինել հասարակությունում, ունենալ հավասար հնարավորություններ և իրավունքների իրացման երաշխիքներ, այլև ներքուստ համերաշխ լինել սեփական անձի, արտաքինի հետ, չենթարկվել հաճախակի դեպրեսիաների և չխուսափել մարդկային շփումներից։

 

«Մարդիկ կարող են նույնականանալ ծննդյան պահին վերագրված սեռին համապատասխան կամ հակառակը։ Անձի սեռը, գենդերային ինքնությունը, գենդերային արտահայտումը կարող են տարբերվել և չհամապատասխանել։ Տրանսգենդեր կամ տրանս* անձրևանոցային տերմինները օգտագործվում են նկարագրելու համար այն մարդկանց, որոնք ամբողջապես չեն նույնականանում իրենց ծննդյան պահին վերագրված սեռին համապատասխան։ Տերմինը ներառում է տրանս* կանանց և տղամարդկանց, ոչ բինար և գենդերային բազմազան անձանց։ Մենք օգտագործում ենք «գենդերային բազմազան» տերմինը, որպեսզի նկարագրենք այն մարդկանց, որոնք ունենում են բինար կին-տղամարդ հասկացությունից դուրս փորձառություն։ Օգտագործում ենք այս տերմինը ի լրացում «տրանս*» տերմինի, քանի որ շատ ոչ բինար, քուիր, ագենդեր, այլ գենդերային ինքնություն ունեցող անձինք չեն օգտագործում «տրանս*» տերմինը՝ իրենց նկարագրելու համար։ «Տրանսսեսուալիզմի» դեպաթոլոգիզացիային զուգընթաց գործածության մեջ է մտել «գենդերային դիսֆորիա» տերմինը, որը նկարագրում է ուժգին անհարմարվողականություն և անհանգստություն, որը տրանս* կամ գենդերային բազմազան անձինք զգում են իրենց ֆիզիկական տվյալների համար։ Այս անհարմարվողականությունը կամ անհնագստությունը հաճախ առաջանում է մարդկանց վերագրված սեռի և գենդերային ինքնության անհամապատասխանության պատճառով։ Այն կլինիկական դիագնոզ է, որը ներկայումս օգտագործվում է այն տրանս* և գենդերային բազմազան մարդկանց դեպքում, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն՝ իրենց տեսքը և ֆիզիկական տվյալները գենդերային ինքնությանն ու արտահայտմանը համապատասխանեցնելու համար։ Գենդերային դիսֆորիա ունեցող անձինք դիմում են մի շարք փոփոխությունների, քայլեր են ձեռնարկում, որպեսզի ավելի հարմարավետ զգան իրենց գենդերային ինքնության հետ։ Այդ փոփոխությունները կարող են լինել սոցիալական (անվան, դերանվան, հագուստի, ոճի), իրավական (անձնագրային փոփոխություններ), բժշկական (հորմոնաթերապիա, ձայնային թերապիա, սեռափոխություն)»,- ասում է սեռականության, գենդերային և տրանս* կոմպետենտության հարցերով փորձագետ Հմայակ Ավետիսյանը։

 

Վերը նշված խնդիրների հիմքում ոչ միայն ավանդական արժեքներն են, ազգային սովորությունները, մտածելակերպը կամ կրոնական հավատալիքները, այլ նաև օրենսդրական բացերը, որոնք այս դեպքում ավելի շատ ոչ թե բացեր են , այլ ուղղակի բացակայություն։

 

Սեռափոխությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ և ՀՀ որևէ բժշկական հաստատություն օրենքի շրջանակներում չի կարող տրամադրել սեռափոխության վիրահատական ծառայություն։ Այստեղ ևս տրանս* անձինք հանդիպում են լուրջ խոչընդոտների, քանզի մի կողմից սեփական մարմնի հետ համերաշխ չլինելու և նաև դրանից բխող լուրջ հոգեբանական խնդիրներն են, մյուս կողմից՝ սեռափոխության վիրահատության շատ լուրջ մարտահրավերները։ Վիրահատության իրականացման մի տարբերակը Հայաստանից դուրս վիրահատությունը կատարելն է, որը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, երկրորդը՝ ՀՀ-ում ոչ օրինական ճանապարհով այն իրականացնելը, որը օրենքով պատասխանատվություն է սահմանում թե՛ պացիենտի, թե՛ վիրահատությունն իրականացնող բժշկի կամ բուժհաստատաության նկատմամբ։

 

Հմայակ Ավետիսյանը նույնպես հաստատում է , որ տրանս* անձանց նկատմամբ խտրականության խորացմանը նպաստում է նաև սեռափոխության վիրահատություն կատարելու մասին համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայությունը․ «Դրանց հետևանքով տրանս* անձինք բազմաթիվ խոչընդոտների են առնչվում, մասնավորապես վիրահատական միջամտություններ կատարելիս։ ՀՀ-ում բժշկական հաստատությունները համապատասխան ծառայություններ չեն տրամադրում տրանս* անձանց ՝ հիմնավորելով օրենսդրական կարգավորումների բացակայությունը, որի հետևանքով էլ անձինք ստիված են լինում մեկնել երկրից՝ այլ երկրում վիրահատվելու համար։ Բացի դրանից՝ գենդերի մասին նշումը փոփոխելու համար տրանս* անձինք նույնպես բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում»,- ասում է նա։

 

Սեռափոխության հետ կապված խնդիրների և բարդությունների ցանկը սակայն այսքանով չի սահմանափակվում, լինում են նաև դեպքեր, երբ անձը ունենում է հնարավորություն կատարելու վիրահատությունը Հայաստանից դուրս, կամ այլ ճանապարհով, սակայն չի կատարում այն՝ բախվելով խոչընդոտների մեկ այլ խմբի․«Պատճառները տարբեր են․ շատերը վախենում են հարազատների վերաբերմունքից, խարանից և խտրականությունից, բռնություններից և փորձում են ավելի փակ կյանք վարել, շատերը վախենում են ոչ պատշաճ հորմոնաթերապիա անցնելուց և վիրահատությունից, քանի որ Հայաստանում ոլորտը կարգավորված չէ և ամեն ինչ ապօրինի է իրականացվում՝ առանց հետևանքների»։

 

Չնայած տրանս* անձանց ներկայումս ունեցած բազմաթիվ խնդիրների, պետք է նաև փաստել, որ համաշխարհային մասշտաբով դրական տեղաշարժ կա վերջիններիս խնդիրների բարձրաձայնման, դրանց լուծման հնարավոր տարբերակների մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Մասնավորապես կարելի է շեշտել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված նոր ՀՄԴ 11-ի (Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգիչ) համաձայն՝ տրանսսեքսուալիզմը դուրս է եկել հոգեկան հիվանդությունների շարքից։ Այն 2022 թվականից ուժի մեջ է մտել, և Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություն ներքին օրենսդրությունը և քաղաքականությունները դասկարգչին համապատասխանեցնելու համար։

 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը իր հերթին շարունակում է նպաստել ՀՀ-ում տրանս* անձանց խնդիրների վերհանմանը և լուծմանը։ ՀԿ-ն մշակել է Գենդերի իրավական նշումի փոփոխման մասին օրենքի նախագիծ, որը սակայն դեռևս նախագծի կարգավիճակում է։

 

Հեղինակ՝ Ս․Պ․

 

 

 

Սույն լրագրողական նյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս նյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: