ՆՍՀԿ ՄԻԱՎ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎ-Ի ՆԱԽԱ- ԵՎ ՀԵՏ- ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
2022թ․ի փետրվարի 3-4-ը տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի խորհրդատու-աութրիչ աշխատակիցների վերապատրաստման դասընթաց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (ՆԿԿ) և հետկոնտակտային (ՀԿԿ) կանխարգելման վերաբերյալ։
Դասընթացի փորձագետն էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը։
Վերապատրաստման նպատակն էր աութրիչ աշխատակիցների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել վերջիններիս խորհրդատվական հմտությունները այդ ոլորտում։
Դասընթացի առաջին օրվա թեման էր ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելումը։
Թեմայի շրջանակներում փորձագետը ներկայացրեց, թե ինչ է ՄԻԱՎ-ի ՆԿԿ-ն, դրա առանձնահատկությունները և կիրառման արդյունավետությունը։ Այնուհետև դասընթացավարը մասնակիցներին ծանոթացրեց ՆԿԿ-ի ընդունման սխեմաներին և դրանց տարբերություններին՝ կախված կենսաբանական սեռից։
Փորձագետ Հովակիմյանը ՄԻԱՎ-ի ՆԿԿ-ի վերաբերյալ թեման ամփոփեց՝ անդրադարձ կատարելով շահառուին ՆԿԿ-ի վերաբերյալ առաջին խորհրդատվության նրբություններին, ուղեգրմանը ԻՀԱԿ, ինչպես նաև ՆԿԿ ընդունող շահառուների մոտիվացիայի պահպանումը և կանոնավոր ընդունումը խրախուսելու և աջակցելու կարևորությանը։
Դասընթացի երկրորդ օրը՝ 2022թ․-ի փետրվարի 4-ը, նվիրված էր «ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում» թեմային, որի շրջանակներում փորձագետը ներկայացրեց, թե ինչ է ՄԻԱՎ-ի ՀԿԿ-ն, դրա կիրառման առանձնահատկությունները, և երբ է անհրաժեշտ ընդունել ՀԿԿ։
ՀԿԿ-ի ներկայացումը նույնպես ամփոփվեց շահառուին առաջին խորհդատվություն տրամադրելու մասին հմտությունների, անհրաժեշտության դեպքում ԻՀԱԿ ուղղորդելու մասին քննարկումով։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ամրապնդեցին իրենց գիտելիքները ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման վերաբերյալ՝ զարգացնելով խորհրդատվական հմտությունները այդ ոլորտում։
Դասընթացը կազմակերպվել է «Համայնքի առողջության իրավունքը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։