ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ ԱՄԻՍՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

2022 թվականի հունվարի 20-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությանն (այսուհետ՝ ՆՍՀԿ) է դիմել քաղաքացի Ռ․ Մ․-ն, ով հանդիսանում է նույնասեռական անձ։ Վերջինս հայտնել է, որ իր սեռական կողմնորոշման պատճառով ընտանիքի անդամների, մասնավորապես՝ հոր և ավագ եղբոր կողմից պարբերաբար ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ հոգեբանական բռնությունը կրել է շարունակական բնույթ։ Բացի այդ՝ անձը զրկված է եղել տնից դուրս գալու, ընկերների հետ շփվելու, հեռախոսից կամ համակարգչից օգտվելու հնարավորությունից։ Այս ամենը տևել է ամիսներ շարունակ։  

Անձը իրավական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել է միայն այն բանից հետո, երբ հաջողվել է փախչել տանից։ 

ՆՍՀԿ իրավաբանի կողմից տրամադրվել է իրավական խորհրդատվություն։ 

Գործին ընթացք չի տրվել, քանի որ վերջինս չի ցանկացել դիմել իրավապահ մարմիններին՝ մտավախություն ունենալով, որ գործի վերաբերյալ բազմակողմանի, օբյեկտիվ և անաչառ քննություն չի իրականացվի, և հնարավոր է որևէ հիմքով պարզապես կարճվի։ 

 

Պարզաբանում․ 

«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ․ 

  1. Ընտանիքում բռնության տեսակներն են՝

1) ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը։ 

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը։