Գենդերային ինքնությունը ԵՎ հայկական մշակութային նորմերը

Գենդեր եզրույթը այսօր համաշխարհային մասշտաբով օգտագործվող ամենատարածված տերմիններից է։ Այս տերմինը սակայն շատ հաճախ մարդիկ օգտագործում են «սեռ» բառի փոխարեն, մինչդեռ կենսաբանական սեռը և մարդու գենդերը լրիվ տարբեր հասկացություններ են, հաճախ ուղիղ հակառակ մեկը մյուսին։

 

Գենդերային ինքնությունը անհատի կողմից իր գենդերի ընկալումն է, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել անհատի կենսաբանական սեռին: Սակայն հասարակությունը սահմանել և այդպիսով սահմանափակել է «գենդերային ինքնություն» մեծ հասկացությունը կին և տղամարդ հասկացություններով։ Կին և տղամարդ գենդերային ինքնությունների համար հասարակության մեջ գոյություն ունեն շատ կոնկրետ սահմանված դերեր, իրավունքներ և պարտականություններ,  և ցանկացած փոքրիկ շեղում այդ սահմանումներից առիթ և հիմք է հանդիսանում հասարակությունում ատելության խոսքի, բռնության և խտրականության դեպքերի։

 

Այն ԼԳԲՏԻ անձինք, ովքեր դուրս են հասարակության սահմանած գենդերային դերերի կոնտեքստից, ամենաշատ բռնության և խտրականությանն առերեսվող խմբերից են։

 

«ԼԳԲՏԻ անձանց, համար միանշանակ հեշտ չէ ապրել հայ հասարակությունում,- ասում է «Բազմազանություն» ՀԿ-ի նախագահ,  քվիր ակտիվիստ Արտակ Ադամը։ «Մեր հասարակությունը շատ դժվարությամբ է ընկալում տարբերությունները առհասարակ, իսկ պատճառը ըստ իս այլատյացությունն է, որն էլ իր հերթին կրթության և փորձի պակասի հետևանք է։ Մեր կրթական համակարգի որևէ մակարդակում չկան բավարար սեռակրթություն, իրավական կամ սոցիալական կրթություն, այս բացերն էլ իրենց հերթին մի շարք հանցավոր արարքների են հանգեցնում։ Ինքս բազմիցս ենթարկվել եմ խտրականության և բռնության թե՛ հասարակության և թե՛ անգամ համակարգային մակարդակում»,- շարունակում է նա։

 

Բացասական վերաբերմունքի և ատելության մեծ չափաբաժին բաժին է ընկնում տրանսգենդեր անձանց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չնայած դեռ 2019 թվականի մայիսի 25-ին հանել է «տրանսսեքսուալիզմը» հոգեկան հիվանդությունների շարքից, սակայն նաև փաստում է, որ տրանսգենդեր անձանց մոտ հաճախ են լինում հոգեբանական լուրջ խնդիրներ, և հաճախակի առաջանում են հոգեբուժական միջամտության կարիք, և դրա հիմնական պատճառը հասարակությունում տարածված տրանսֆոբիան, խտրականությունը և բռնության դեպքերն են։

 

«Տրանս* անձինք Հայաստանում բախվում են խնդիրների կյանքի տարբեր ոլորտներում՝ թե՛ առօրյա կյանքում, թե իրավական մարմիններում, բուժհաստատություններում, աշխատանքի վայրերում և այլն։ Իհարկե, տրանս* անձինք խոցելի են ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում տրանսֆոբիան խոր արմատներ ունի։ Մեզ մոտ չափազանց կարևորված են ավանդականությունը, այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են ընտանիքը, կնոջ և տղամարդու դերաբաշխումը, և հասարակությունը տեղի է տալիս տեղեկատվական հոսքերին, որոնք ներկայացնում են տարբեր գենդերային ինքնություն ունեցող անձանց որպես ազգային ավանդական արժեքներին դեմ, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Տրանսգենդեր անձինք նույնպիսի մարդիկ են՝ իրենց արժեքներով և գաղափարներով՝ սեր, ընկերություն, աջակցություն, սիրելի մարդ գտնելու ցանկություն, ու թեև նրանք կարող են տարբեր փորձառություն ունենալ, բայց դա նրանց գլոբալ առումով տարբեր չի դարձնում»,- ասում է սեռականության փորձագետ Հմայակ Ավետիսյանը։

 

Հասարակությունում տրանսգենդեր անձանց նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունքը և դրա հետևանքները ավելի պատկերավոր են դառնում առաջին դեմքով լսելիս։ «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ նախագահ Կամելիա Ղանդիլյանը նույնպես կարծում է, որ տրանսգենդեր, կամ առհասարակ գենդերային այլ ինքնություն ունեցող անձանց համար մեղմ ասած հեշտ չէ ապրելը հայ հասարակությունում․ «Տրանսգենդեր անձինք մշտապես ենթարկվում են խարանի և խտրականության, ֆիզիկական և այլ բռնությունների։ Նրանք շատ հաճախ մեկուսանում են հասարակությունից, որովհետև ընդունված չեն անգամ իրենց ընտանիքի անդամների կողմից, հասարակությունը նրանց որպես հավասար անդամի չի վերաբերվում։ Նույն անբարենպաստ պայմաններն են նաև կրթության ոլորտում, որովհետև տրանսգենդեր անձինք հնարավորություն չեն ունենում ընդունվել և ավարտել կրթական հաստատություններ՝ սոցիալական պայմանների և առկա խարանի ու խտրականության պատճառով։ Իսկ այս ամենի պատճառն իմ կարծիքով հայ հասարակության տրանսգենդեր անձանց որպես շեղվածների վերաբերվելն է։ Հասարակության աչքերում տրանսգենդերները մարդիկ են,  որոնք տարածում են միայն այլասերվածություն, վատ բարքեր։ Այս կարծրատիպը այն բանի հետևանք է, որ տրանս* անձանց տեսանելիությունը չափազանց ցածր է։ Մարդիկ հնարավորություն չեն ունենում տեսնելու տրանս* անձանց դրական կողմերը, ծանոթանալու տաղանդավոր և խելացի տրանս* անձանց ու նրանց աշխատանքներին, և մտածում են, որ մեր համայնքը վատ բարքեր տարածող է միայն»,- ասում է նա։

 

Հայ հասարակությունում տարածված կարծրատիպ կա, որ գենդերային այլ ինքնություն ունեցող անձինք, հատկապես տրանս* անձինք մեծ երազանքներ ու ցանկություններ ունեն՝ կապված եվրոպական երկրների հետ, և այդ պատճառով բռնության և խտրականության դեպքեր են հրահրում, հետագայում այդ հիմքով եվրոպական երկրներում ապաստան ստանալու ակնկալիքով։ Այս միտքը սակայն հերքվում է մեր զրուցակիցների կողմից, գոնե վերջիններիս շրջապատի մակարդակով։ «Միանշանակ ասել ոչ, բնականաբար չեմ կարող, սակայն իմ պրակտիկայում ծանոթ չեմ նման դեպքերի, եթե անգամ լսել եմ շշուկներ, ապա դրանք ինչ-որ բամբասանքների մնացորդներ են եղել իրականում։ Անձամբ ճանաչում եմ մարդկանց ովքեր ներկա պահին փախստականի կարգավիճակով գտնվում են Հայաստանից դուրս, սակայն այդ դեպքերի հիմքում ամբողջությամբ լուրջ փաստացի հիմնավորված իրադարձություններ են»,- ասում է Արտակը։

 

«Ես, լինելով տրանսգենդեր ակտիվիստ, շարունակական պայքարի մեջ եմ եղել հանուն հավասարության։ Այդ պայքարը, իհարկե, զերծ չէ վտանգներից, այդ թվում՝ ֆիզիկական։ Ես մինչև անգամ դանակահարության եմ ենթարկվել իմ գենդերային ինքնության պատճառով, ինչը կարող էր խլել իմ կյանքը, սակայն հրաշքով փրկվել եմ։ Ցանկանում եմ ընդգծել, որ որքան էլ կյանքը բարեկեցիկ ու ապահով թվա Հայաստանից դուրս, ես միայն իմ երկրում եմ տեսնում իմ ապագան, ուստի մտադիր եմ մնալ ու պայքարել հանուն տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության և բարեկեցիկ ու ապահով կյանքի։ Տրանսգենդեր անձինք հասարակության մի մասն են, և ինչպես այլ գենդերային ինքնություններ ունեցող անձինք, այնպես էլ տրանս* անձինք անհատականություններ են, և եթե մեկը կամ մի քանիսը իրենց վատ են դրսևորում, չպետք է տարածել այդ կարծիքը համայնքի մյուս անդամների վրա։ Հայ տրանս* համայնքը բավականին մեծ է»,- հավելում է Կամելիան։

 

Այսպիսով՝ Հայաստանից դուրս, թե Հայաստանից ներս այս անձինք գոյություն ունեն, օժտված են այն բոլոր իրավունքներով և պարտականություններով, ինչպես հասարակության մյուս անդամները, սակայն բռնությունը, խարանն ու խտրականությունը վերջիններիս առօրյայի մի մասն են կարծես։ Երբեմն դժվարությամբ կարելի է պատկերացնել, որ մինչդեռ մենք բողոքում ենք մեր սննդի, հագուստի ոչ համապատասխան, կամ մեր ուզածով  լինելուց, մեր կողքին ապրող, մարդկային հատկանիշներով մեզնից չտարբերվող անձինք իրենց հասանելիք առանց այդ էլ դժվարություններով լի կյանքը ապրում են վախի ու տագնապի մթնոլորտում, հեռու հասարակությունից, երբեմն հարազատ մարդկանցից։

 

Հեղինակ՝ Ս․Պ․

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: