ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում ընդունվեց «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը», իսկ 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հասարակության ուշադրությունը անհանդուրժողականության և դրանից բխող բռնության վտանգների վրա հրավիրելու, հանդուրժողականությունը խրախուսելու և նրա ոգով հասարակությանը դաստիարակելու նպատակով  ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:

 

Հանդուրժողականության միջազգային օրը նպատակ ունի իրազեկել հասարակությանը անհանդուրժողականության և խտրականության, դրանց դրսևորումների և հնարավոր  վնասակար հետևանքների մասին: Այս օրվա տոնակատարություններն ու միջոցառումները ներառում են հասարակություններում ատելության և թշնամանքի վերացմանն ուղղված մի շարք գործողություններ։ Այս օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է հանդուրժողականության գնահատման, ճնշումների ու անարդարության վերացման համար բանավեճերով ու ելույթներով, կրթական հաստատություններում, սոցիալական ֆորումներում, լրատվամիջոցներում և քաղհասարակության շրջանում հանդուրժողականության մասին իրազեկման արշավներով և այլ հետաքրքիր և կարևոր միջոցառումներով։

 

«Հանդուրժողականությունն այն է, երբ ընդունում ու գնահատում ես աշխարհի մշակույթի հարուստ բազմազանությունը, արտահայտման ու մարդուն բնորոշ վարքագծի ձևերը: Այն ավելի լայն ընդգրկում է ունենում, երբ զինված ես գիտելիքով, պատրաստակամությամբ, հաղորդակցական հմտություններով, մտքի , խղճի ու հավատքի ազատությամբ: Այն տարբերությունների ներդաշնակությունն է՝ ոչ միայն բարոյական պարտք, այլև քաղաքական ու իրավական պահանջ: Ի վերջո, հանդուրժողականությունն այն առաքինությունն է, որը պատերազմի մշակույթը փոխարինում է խաղաղության մշակույթով:»

 

ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիր»  Հոդված 1

 

«Հանդուրժողականությունը հավասարություն է, որի հիմքում ընկած է բազմազան հասարակությունը՝ իր անքակտելի ու պաշտպանված իրավունքներով։ 2018թ-ին կարծես թե հանդուրժողականությունը իր խոր արմատներն էր գցում հայ հասարակության մեջ, բայց, ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը և քովիդյան իրավիճակը թույլ չտվեցին նոր իշխանություններին գնալ լուրջ քայլերի այս ուղղությամբ։ Ավելին՝ նախորդ իշխանական ուժերի կողմից տարվող քաղաքականությունն ու իրենց ձեռքի տակ եղած մեդիա հարթակների օգտագործումը բաժանել են հասարակությանը խմբերի, ինչի հետևանքով անհանդուրժողականության մթնոլորտը ավելի է շիկանում։ «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ՆՍՀԿ) դեռևս 2003թ-ից Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր, որի հիմքում ընկած է ոչ միայն առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, այլ նաև պետական ու տեղական կառույցների իրազեկվածության բարձրացումը՝ հանուն ժողովրդավարական հասարակարգի և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման»։

  

Սերգեյ Գաբրիելյան ՆՍՀԿ նախագահ

 

Անհանդուրժողականություն դրսևորվում է հանրության բոլոր շերտերում, տարբեր խմբերի նկատմամբ, անգամ եթե վերջին շրջանում թվում է, թե դրական տեղաշարժ կա գոնե վերաբերմունքի առումով, սակայն  ամեն ինչ այդքան էլ դրական չէ․ «Եթե սկսեմ հանդուժողականություն տերմինից, ապա ըստ իս այն իր մեջ ավելի շատ բացասական երանգ ունի, քան դրական, նշանակում է չընդունել մարդկանց տարբերությունները, առանձնահատկությունները, այլ ստիպված տանել ու հանդուրժել վերջիններիս գոյությունը, ներկայությունը, մինչդեռ «tolerance» տերմինը ավելի արժեքային և խորքային է, իրենից ենթադրում է տարբերությունները տեսնելու, ընկալելու, դրանց նկատմամբ բարյացակամության ցուցաբերում, երկխոսություն և համագործակցության պատրաստակամություն։ Եթե նայենք ընդհանուր իրավիճակին՝ ատելության խոսք, հանդուրժողականության ընդունում, կարելի է ասել մենք ազատության խոսքի և հանդուրժողականության մեջտեղում ենք, բայց դեռ չենք հասել ընդունմանը։ Մենք փորձում ենք մատչելի միջավայր ստեղծել, հավասար հնարավորություններ, կրթել հասարակությանը  և դրանով ցույց տալ,որ բոլորը հավասար են։ Մենք փորձում ենք հնարավորինս շատ իրազեկել բազմազանության մասին և կարծում եմ սրա միջոցով  մենք ավելի հավասար պայմաններ ենք ստեղծում»,- ասում է «Ուղի Դեպի» ներառական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար և «Հավասար» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Հարությունյանը։

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ մարդիկ               ամեն օր ստիպված են լինում  առնչվել անհանդուրժողականությունից բխող խտրականության և բռնության դեպքերին, հալածվել սեփական համոզմունքների համար, ենթարկվել խոշտանգումների , սակայն առավել ընդգծելի է, որ վերջիններս չեն կարողանում իրավական պաշտպանություն իրականացնել՝ պայմանավորված ոլորտային օրենսդրական բացերով․ «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների համար պատիժները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով, սակայն այն չի նախատեսում անհանդուրժողականության հիմքով հանցագործություններին առնչվող որևէ դրույթ, միևնույն ժամանակ անհանդուրժողականությունը ներառված չէ նաև որպես հանցագործությունների կատարման շարժառիթ։ Թեև Հայաստանի Հանրապետությունը բազմիցս իր վճռականությունն է հայտնել խտրականության արգելքի մասին ինքնուրույն օրենսդրության ներդրման վերաբերյալ, այնուամենայնիվ ներպետական օրենսդրությունում բացակայում է «Խտրականության բացառման մասին» առանձին, ինքնություն օրենքը։ Այս առումով խնդրահարույց է նաև այն հագամանքը, որ չնայած Սահմանադրությամբ սահմանված է խտրականության արգելքը, սակայն որպես պաշտպանված հատկանիշ ներդրված չեն սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Ներպետական օրենսդրության բացերից նաև հատկանշականն այն է, որ Քրեական օրենսգրքում նախատեսվում են ատելության շարժառիթների ընդամենը երեք հիմքեր՝ ազգայինը, էթնիկը և կրոնականը, մինչդեռ խտրականության արգելված հիմքերի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների հնարավոր շարժառիթների շրջանակը շատ ավելի լայն է և ներառում է խտրականության համընդհանուր արգելքի հայեցակարգը: Օրենսդրական այս բացի պատճառով չեն բացահայտվում և անպատիժ են մնում ատելության շարժառիթներով կատարվող մի շարք հանցագործություններ:  Օրենսդրական այս բացերը ինչպես նշեցի լրջագույն խնդիր են իրավական պաշտպանության տեսանկյունից։ Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը ներպետական օրենսդրության մեջ ներդնի իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ, այն է՝  «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին, ինքնուրույն օրենքի ընդունումը, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը ներառելը որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ, ատելության հիմքով հանցագործություններն արգելող ՀՀ օրենսդրության վերանայումը և լրամշակումը։ Շատ կարևոր է նաև հասարակության մեջ հանդուրժողականության մշակույթ ձևավորելու նպատակով ադյունավետ և գործուն մեխանիզմներ մշակումը»,- ասում է իրավաբան Լուսինե Գասպարյանը։

 

Հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման, անհանդուրժողականության հիմքով հանցագործությունների նվազեցման, առողջ հասարակության կազմավորման համար առավել կարևոր է բազմազանությունը, մարդկանց առանձնահատկությունները, մշակութային տարբերությունները ընդունելուն ուղղված քաղաքացիական հասարակության քայլերը և հանդուրժողականության միջազգային օրը լավ հնարավորություն է այս գործընթացի առաջխաղացմանն ուղղված քայլերի իրականացման համար։

 

Հանդուրժողականության միջազգային օրվա առիթով իմ ուղերձն է մեր հանրությանը․ «Ընդունե՛ք բազմազանությունը իր բոլոր երանգներով և յուրահատկություններով և մինչև մարդկանց գնահատական տալը՝ մի պահ հայացք գցեք շուրջը և կտեսնեք՝ ինքան գեղեցիկ է բնությունը՝ իր բազմազան գույներով»,-  նշում է Սերգեյ Գաբրիելյանը։

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: