ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2021 թվականի հոկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացման երկօրյա արտագնա դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի միջոցով։ Դասընթացը նպատակ ուներ զարգացնելու Հայաստանում գործող ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունները ԼԳԲՏ հիմնահարցերի ճշգրիտ և անաչառ լուսաբանման, ինչպես նաև ատելության խոսքի ճանաչման վերաբերյալ։
Դասընթացի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հետաքրքրվածության և մասնակցության համար՝ կարևորելով ԶԼՄ-ների դերը հասարակության շրջանում ատելության խոսքի կանխման համար։ Սերգեյ Գաբրիլեյանը հույս հայտնեց, որ այս դասընթացը կլինի հաջողված համագործակցության սկիզբ ՆՍՀԿ-ի և մասնակից ԶԼՄ ներկաացուցիչների միջև։
Բացման խոսքից հետո մասնակիցներին ներկայացվեց դասընթացի օրակարգը, մասնակիցների օգնությամբ մշակվեցին կանոններ, որոնց պետք է հետևեն դասընթացի ողջ ընթացքում, ինչպես նաև վեր հանվեցին մասնակիցների ակնկալիքները և մտահոգությունները։
Հիմնական մասը մեկնարկեց դասընթացավար-փորձագետ Արման Ղարիբյանը, որը ներկայացրեց «Ատելության խոսքն ընդդեմ ազատության խոսքի» թեման։ Մասնակիցները ծանոթացան խոսքի ազատությանը, այն դեպքերին, երբ կարելի է սահմանափակել խոսքի ազատությունը, ատելության խոսքը, թե ինչու է արգելված ատելության խոսքը շատ երկրներում։ Դրանից հետո սովորեցին տարբերել ատելության խոսքը վիրավորանքից, ատելության խոսքի հետևանքները, ատելության հիմքով հանցագործությունները։ Հստակ օրինակների և դեպքերի քննարկումների արդյունքում մասնակիցները ամրապնդեցին ստացած գիտելիքները և գործնականում հասկացան, թե ինչպես պետք է պայքարել ատելության խոսքի դեմ։
Երկրորդ օրը նվիրված էր «Մեդիագրագիտություն և ԼԳԲՏ հիմնահարցերի անաչառ և ճշգրիտ լուսաբանում» թեմային։ Մասնակիցները հանգամանորեն ծանոթացան սեռականություն հասկացությանը, տարբերեցին մի շարք կարևոր տերմիններ, մերժեցին խտրական տերմինները ԼԳԲՏԻ հիմնահարցրեը լուսաբանելիս, սովորեցին ոչ խտրական համարժեքները։ Գործնական առաջադրանքի միջոցով մասնակից ԶԼՄ ներկայացուցիչները լուսաբանեցին ԼԳԲՏԻ հարցերին վերաբերող զեկույց, որը ներկայացվել էր նախապես կազմակերպված մամուլի ասուլիսի շրջանակներում։
Դասընթացն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։
Փորձագետը վերապատրաստվող մասնակիցներին տրամադրեց նախնական գիտելիքներ ատելության խոսքի ճանաչման վերաբերյալ, ինչպես նաև հմտություններ՝ ԼԳԲՏ հարցերը պատշաճ ու անաչառ լուսաբանելու համար։ Դասընթացը նաև հանդիսացավ մասնակից ԶԼՄ ներկայացուցիչների հետ համագործակցության սկիզբ՝ միավորելու նրանց ջանքերը հանուն հայկական մեդիայում անաչառ ու գրագետ լուսաբանման։
Մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։