ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսը, ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում են ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:

 

2021թ․-ի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ հերթական վերապատրաստման դասընթացը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի խորհրդատուների համար։ Դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախային խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցները, ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական հմտություններ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:

 

Դասընթացը բաժանված էր տեսական և գործնական մասերի։ Առաջին հատվածում ՆՍՀԿ ծրագրերի օգնական և դասընթացի փորձագետ Լևոն Չիլինգարյանը  անդրադարձավ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակին Հայաստանում, խոսեց ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերից, ՄԻԱՎ-ի կանխարգելումից և թեստավորման կարևորությունից, բուժման ընթացքից, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության հիմնական սկզբունքներից ու հմտություններից, ինչպես նաև թեստերի տարբեր պատասխանների դեպքում խորհրդատվության առանձնահատկություններից։

 

Օրվա երկրորդ հատվածում դասընթացը շարունակվեց ֆորում թատրոնի տեսքով, որը իրենից ներկայացնում էր աութրիչ աշխատանքի հիմունքները, աութրիչ աշխատանքի ճիշտ և սխալ ձևաչափերը։

 

Հիշեցնենք, որ ՆՍՀԿ-ի շահառուները հնարավորություն ունեն անվճար, գաղտնի և անանուն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել լնդային տրանսուդատի արագ թեստերի միջոցով։ Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես ՀԿ-ի գրասենյակում, այնպես էլ շահառուի տանը և այն վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները՝  ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիություն և այլն»։

 

Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

 

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: