«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ներկայացնող երիտասարդական խումբը մասնակցեց միջազգային դասընթացի Ուկրաինայում

2021 թվականի օգոստոսի 5-14-ը Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» միջազգային դասընթաց, որը կազմակերպված էր լեհական Foundation Institute for Socio-Economic Balance-ի և ուկրաինական Drukarnia — Civil Society Centre (DRA e.V.)-ի կողմից, որը տեղակայված է անմիջապես Սլավյանսկում։ Դասընթացի նպատակն էր կենտրոնանալ հետկոնֆլիկտային գոտիների բնակիչների, հարկադիր վերաբնակեցվածների ու փախստականների աջակցության հետ կապած գործնական հարցերի վրա, զարգացնել մասնակիցների մոտ նոր հմտություններ կոնֆլիկտների լուծման և մեդիագրագիտության ոլորտներում, ինչպես նաև խթանել ոչ ֆորմալ կրթական համակարգը։ Մասնակիցների շարքում ներառված էին 21 երիտասարդներ 5 տարբեր երկրներից. ռազմական կոնֆլիկտների ազդեցությունը անմիջականորեն կրած ու դրանցից տուժած Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ Գերմանիայից ու Լեհաստանից։

 

Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնում էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի պատվիրակային թիմը։

 

 

 

 

 

 

 

Սեմինարի 10 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, այցելել հակամարտության բռնկման վայրեր, ծանոթացան ներկա խմբերի փորձին, հանդիպեցին Ուկրաինայի տեղացի ակտիվիստների ու հարկադիր վերաբնակեցված անձանց հետ ու կառուցեցին շփման լայն ցանց։ Նրանց ժամանակ տրվեց խոսելու, քննարկման, փորձի փոխանակման և հետագա համագործակցություններ սկսելու համար։ Առաջին օրը Կիև ժամանելուց և ընթրիքից հետո մասնակիցները խմբով ուղևորվեցին դեպի Սլավյանսկ, որտեղ նրանց միացան տեղացիները։ Հարկ է նշել, որ Սլավյանսկը գտնվում է Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանի հետ զինված կոնֆլիկտից տուժած առաջին վայրերից մեկն է համարվում։ 2014 թվականի հուլիսին այն հետ են գրավել ուկրաինական ուժերը, իսկ այսօր քաղաքն ապաստան է տալիս ներքին տեղահանված անձանց։ Ժամանումից հետո մասնակիցները խաղերի միջոցով ծանոթացան ու մշակեցին կանոնակարգ՝ հետագա դասերն ավելի արդյունավետ անցկացնելու համար։ Հաջորդ օրերի ընթացքում նախ տարբեր երկրների ներկայացուցիչներ պատմեցին իրենց կազմակերպությունների և միգրանտների, փախստականների ու տեղահանված անձանց հետ աշխատանքի իրենց փորձի մասին, իսկ հետո հետևելով օրակարգին՝ թիմային տարբեր աշխատանքների, քաղաքային շրջայցերի, կինոդիտումների ու ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդներով ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու ամրապնդեցին դրանք։

 

Դասընթացը կազմակերպվել էր Էրասմուս+ փոխանակման ծրագրերի շրջանակներում։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանդիսանում էր դասընթացի գործընկեր կազմակերպություն Հայաստանից։