ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՔՀԿ-ԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2021 թվականի սեպտեմբերի 23-24-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանում գործող 10  նորաստեղծ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման երկօրյա արտագնա դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի միջոցով։ Դասընթացը նպատակ ուներ զարգացնելու Հայաստանում գործող ՔՀԿ-երի ներկայացուցիչների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության և ծրագրերի կառավարման ոլորտներում։

 

Դասընթացի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հետաքրքրվածության և մասնակցության համար՝ կարևորելով ՔՀԿ-երի համագործակցությունը հանուն հասարակության խոցելի խմբերի առջև ծառացած խնդիրների լուծման։ ՆՍՀԿ նախագահը ընդգծեց այն հանգամանքը, որ կազմակերպությունը կարևորում է և մշտապես աջակցում է Հայաստանի ՔՀԿ-երին՝ իրագործելու իրենց գաղափարները ենթադրամաշնորհների միջոցով։ Սերգեյ Գաբրիելյանի խոսքը շարունակեց կազմակերպության ծրագրերի համակարգող Ալինա Միրզոյանը, ով հույս հայտնեց, որ այս դասընթացը կլինի հաջողված համագործակցության սկիզբ ՆՍՀԿ-ի և մասնակից մյուս ՔՀԿ-երի միջև։

 

Մինչև դասընթացի հիմնական թեմաներին անդրադառնալը՝ կազմակերպության ծրագերի համակարգող և դասընթացի ֆասիլիտատոր Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի օրակարգը, մասնակիցների օգնությամբ մշակեց կանոններ, որոնց մասնակիցները պետք է հետևեն դասընթացի ողջ ընթացքում, ինչպես նաև վեր հանեց մասնակիցների ակնկալիքները և վախերը դասընթացից։

 

Դասընթացի հիմնական մասը մեկնարկեց դասընթացավար-փորձագետ Հռիփսիմե Քոչարյանը, որը ներկայացրեց «Ծրագրերի մշակում և կառավարում» թեման։ Մասնակիցները ծանոթացան ծրագրերի մշակման և կառավարման հիմնական հասկացություններին, խոսեցին ծրագրերի իրականացման փուլերից, ծրագրի կառուցվածքից, հաջողակ ծրագրերի բաղադրիչներից, սկզբունքներից, ծրագրային բյուջեից և նրա բաղկացուցիչներից, Գանտի աղյուղակից։

 

 

 

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր «Մարդու իրավունքների պաշտպանություն․ պաշտպանության միջազգային և տեղական մեխանիզմներ», «Մարդու իրավունքների խախտումների փաստագրում», «Խարանի և խտրականության կանխարգելում» թեմաներին, որոնք ներկայացրեց ՆՍՀԿ իրավաբան, դասընթացավար Լուսինե Գասպարյանը։ Մասնակիցները հանգամանորեն ծանոթացան մարդու իրավուքների հասկացությանը և ծագմանը, խոսեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ՀՀ դատական համակարգերից, բացարձակ և համեմատական իրավունքներից, տարբերեցին խարանը և խտրականությունը, ինչպես նաև սովորեցին դրանց տեսակները՝ ծանոթանալով խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմներին։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։

 

 

 

 

 

Դասընթացը վերապատրաստվող մասնակիցներին տրամադրեց նախնական գիտելիքներ ՀԿ-երի գործունեության, ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ, ինչպես նաև հմտություններ՝ իրենց շահառուներին համակարգված և բարձրորակ ծառայություններ մատուցելու համար՝ ապահովելով և ջատագովելով վերջիններիս մարդու իրավունքների պաշտպանությունը։ Դասընթացը նաև հանդիսացավ մասնակից ՔՀԿ-երի միջև համագործակցության սկիզբ՝ միավորելու նրանց ջանքերը հանուն Հայաստանում ՍԿԳԻ հիմքով խտրականության դեմ պայքարին և հավասարության ու արդարադատություն հաստատմանը։

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։