«Աստված այդ աղոթքիս պատասխանը չտվեց»

 «ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս) համայնքն ու Սուրբ գիրքը»՝ լսելով լրագրողական հերթական թեման՝ միանգամից հասկացա, որ ինձ հեշտ փորձություն չի սպասվում։ Համայնքի ներկայացուցիչները պիտի հակադրվեին հոգևոր այրերին, վերջիներս մեղադրեին այդ մարդկանց։ Այնուամենայնիվ, ներկայացնելով հոդվածը՝ եզրահանգումը թողնում եմ ընթերցողին։

 

 

«Քրիստոսի տարիքին ես՝ 33 տարեկաննախանշա՞ն»

 

«33 տարեկանում հասկացա, որ նույնասեռական եմ։ Առաջին անգամ ցանկություն ունեցա սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ։ Զուգընկերս մանկության ընկերս էր»,–պատմում  է Արգամն ու շարունակում, որ ինքն էլ չէր հավատում, որ այդպես կստացվի։ «Չեմ թաքցնի, հաճելի էր ինձ, բայց մի միտք հանգիստ չէր տալիս ինձ։ Մտածում էի՝ Աստվա՜ծ իմ,մե՞ղք գործեցի, ի՞նչ է լինելու իմ հետագա կյանքը»,– 14 տարի անց հիշում է Արգամը։ Նա հոգեբանի մոտ ընդունելության գնաց։ «Ասաց՝ արտառոց ոչինչ չկա, մարդ ես, հիմա էդ հակումներն ունես, միայն զարմանալի է, թե ինչու այդ տարիքում ցանկությունդ բացահայտվեց։ Ընդհանրապես, այդ հակումները ավելի վաղ տարիքում են ի հայտ գալիս»,–ասում է Արգամը։ Մեղքի զգացումը հանգիստ չէր տալիս նրան, որոշում է եկեղեցի մտնել ու քահանայի հետ զրուցել։ «Ծննդոց գրքից հատված ասաց՝ անգիր եմ արել։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։  Հետո խրատեց՝ տղա՛ս, Աստծո գործերն անքննելի են, և չպետք է խառնվել։ Դու կարող ես փրկվել»,–ասում է Արգամը։

 

Ի դեպ, զրուցակիցս հիշում է, որ հոգևոր հայրն էլ տարիքը առանձնացրեց։ «Որդյա՜կ իմ, Քրիստոսի տարիքին ես՝ 33 տարեկան։ Գուցե սա Աստծո նշա՞նն է, որ դու պիտի ապաշխարես ու փրկվես»,–ասել էր քահանան Արգամին։ Արգամի խոսքով՝ ինքը միշտ  եկեղեցի է գնում,  աղոթում,  մոմ վառում, բայց «շարունակում է նույնասեռական մնալ»։ «Երկնային կյանքս գուցե դժոխքո՞ւմ անցկացնեմ կամ գուցե մինչև կյանքիս վերջը ապաշխարեմ, բայց ինձ հաճելի է իմ կերպարը, ինչո՞ւ է Աստված դեմ»,–հռետորական հարցն է բոլորին ուղղում Արգամը։

 

 

 

Մե՞ղք, թե՞ մոլորություն

 

Ըստ հոգևոր այրերի՝ Աստվածաշնչում նույնասեռական վարքագծի մերժումը արդեն իսկ Ծննդոց գրքում է՝ Սոդոմի և Գոմորի պատմության մեջ, որի կործանման պատճառը հիմնականում նույնասեռական մեղքի վարքագիծն էր և կենցաղավարությունը։ Բագրատ եպիսկոպոս Գալուստանյանի խոսքով՝ Աստվածաշունչը և Սուրբ Եկեղեցու ուսմունքը աներկբա մերժում են նույնասեռական հարաբերությունները՝ այն համարելով աստվածաստեղծ մարդկային բնության խախտում:

 

Սրբազան հոր պատմելով՝  ոմանք կարծում են՝ Հին Կտակարանի բարոյագիտական թելադրանքները պետք է այլ կերպ դիտարկել, քանի որ դրանց մեծ մասը վերաբերում էին ծիսական ընկալմանը և պահանջներին, ինչպես օրինակ խոզի միս չուտելը, թլպատությունը և այլն, որոնք այսօր այլևս պարտադիր չեն նկատվում: «Այս մոտեցումը սխալ է, քանի որ եթե նույնիսկ ծիսական պահանջներն այլևս պարտադրող չեն, այսուհանդերձ բարոյական թելադրությունները պարտադիր են: Այսինքն՝ թեև Աստծուն ընծայվող ծիսական արարողությունները ենթակա են փոփոխության տարբեր ժամանակների և մշակույթների մեջ և համար, բարոյական և բարոյագիտական պահանջները հավիտենական են և պարտադիր բոլոր մշակույթների համար»,–համոզված է Բագրատ Սրբազանը: «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն»,–գրված է Աստվածաշնչում։

 

 

Նոր Կտակարանում սուրբ Պողոս առաքյալը, նկարագրելով հեթանոսների միջավայրը, նույնասեռական հարաբերությունները համարում է ամենածանր մոլություններ և անարգ կրքեր, որոնք քայքայում են մարդկային բնությունն ու մարմինը։ «Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նոյնպես և արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը։ (Հռ Ա:26-27):

 

 

Մերժում են մեղքը, ընդունում մեղավորին

 

ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս) քրիստոնյաների ֆորումի անդամ Էդուարդի համոզմամբ՝ կրոնը մի մեխանիզմ է, որ կառավարում է մարդկանց։ էդուարդը հավատացյաների ընտանիքում է մեծացել, հավատում է Աստծուն։ 30 տարեկան է, մինչև 23 տարեկանը փորձել է ապաշխարել։ «Հավատացյալ լինելով՝ փորձել եմ բժշկվել, եթե ասում են հիվանդություն է, փորձել եմ ապաշխարել, եթե մեղք է։ «Հասկացա, որ հիվանդություն չէ, մեղք չէ։ Միշտ աղոթել եմ, ու աղոթքներիս պատասխանները շուտ ստացել եմ։ Օրեր շարունակ աղոթել եմ, որ Աստված ինձ ազատի այս «չարիքից» (նկատի ունի նույնասեռական լինելը–խմբ), բայց դրա պատասխանը չեմ ստացել։ Հասկացա, որ այդպես էլ պիտի լինի, քանի որ Աստված ինձ այդ ժամանակ էլ կպատասխաներ»,–ասում է Էդուարդը։

 

Տեր Եսայի քահանա Արթենյանը համամիտ չէ Էդուարդի տեսակետի հետ։ Տեր Եսայու խոսքով՝«ինքնարդարացման անհաջող տարբերակ է»։ Զրուցակիցս նշում է, որ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին ոչ մեկը չի արգելում եկեղեցի գալ, մասնակցել ծիսական արարողություններին։ «Նման մարդկանց ոչ մեկը չի արգելում եկեղեցի գալ, մասնակցել արարողություններին, բայց այդ երևույթը միանշանակ մերժում ենք։ Այլ կերպ ասած՝  մերժում ենք մեղքը, ընդունում մեղավորին»,–ասում է տեր Եսային։

 

Էդուարդը, աշխատանքի բերումով,  համարյա ամեն օր, շփվում է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Կարծրատիպ կա, որ եթե լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս ես, չես կարող հավատացյալ լինել։ Բայց այստեղ ոչ մի արգելանք չկա, Քրիստոնեությունը քարոզում է  հանդուրժողականություն,   Սեր ու զարմանալի է ինչո՞ւ են  քարկոծում ԼԳԲՏԻ համայնքին»,– ասում է Էդուարդը։ «Եկեղեցու հայրերը հորդորում են մարդու նկատմամբ հանդուրժող լինել, բայց ոչ մեղքի»,–ի պատասխան ասում է տեր Եսային։

 

Բագրատ Սրբազանի խոսքով՝ նույնասեռական կիրքը,  ինչպես մյուս կրքերը, որոնք տառապանք են պատճառում անկում ապրած մարդուն, մարդկային բնության խեղումն է մեղքի պատճառով, որը կարող է հաղթահարվել հոգևոր իմաստով։ «Ապաքինման՝ աղոթքով, պահեցողությամբ, ապաշխարությամբ, Աստվածաշնչի և հայրերի գրությունների ընթերցանությամբ և սերտողությամբ՝ ներգրավված լինելով հավատացյալների միջավայրում, ովքեր պատրաստ են հոգևոր աջակցություն ցուցաբերելու»,–ասում է Սրբազանն ու միտքը ավարտում Սուրբ Գրքից մեջբերմամբ։

 

 «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել (Ա.Կորնթ. Ժ:12,13)»:

 

Սերը ոչնչացնելն ավելի մեծ մեղք է․․․․

 

ԼԳԲՏԻ համայնքն ու Սուրբ գիրքը․ իհարկե, թեման երկու–երեք էջում չես կարող տեղավորել, այն անսպառ է, վիճելի ու թերևս առաջիկայում լրագրողական հետաքննություն կսկսեմ։ Իսկ այս հոդվածը, թերևս, ավարտեմ տարիներ առաջ ԼԳԲՏԻ քրիստոնյաների ֆորումին մասնակցած հայաստանցի Ալեքսի տեսակետով։ Ըստ նրա՝ «նույնասեռական լինելը մեղք չէ, մարդն ինքն իրեն սեռական կողմնորոշում չի ընտրում»։

 

Ալեքսի համոզմամբ՝  Աստվածաշնչում շատ ավելի մեծ քանակով զգուշացումներ ու սահմանափակումներ կան տարասեռականների (հետերոսեքսուալների), քան թե նույնասեռականների  համար:

 

«Աստվածաշնչի մեջ կարելի է ամեն ինչ էլ գտնել: Աստվածաշունչը մի գիրք է, որը պարունակում է պատմվածքներ, դրամաներ, նույնիսկ բաժակ նայելով գուշակություն: Եթե մենք Աստվածաշնչով առաջնորդվեինք, ըստ Հին Կտակարանի, ապա մենք պետք է կանանց քարկոծեինք, եթե օրինակ նրանք կույս չլինեին, հետո քարկոծել չար ու ծնողներին չենթարկվող երեխաներին: Սա հաշվի առնելով՝ ես նրանց կասեի՝ եկե՛ք ապրենք Հիսուս Քրիստոսի պատգամով. սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ: Եվ որ մենք սիրենք զմիմեանս: Նաև կուզենայի ընդգծել, որ ես նրանց կոչ չեմ անում սիրել մեղքը, քանի որ սերը մեղք չէ: Եթե տղան տղայի է սիրում, եթե աղջիկը աղջկա է սիրում, մենք ոչ մի դեպքում չպետք է փորձենք կոտրել կամ ոչնչացնել սերը, և սերը ոչնչացնելն ավելի մեծ մեղք կլինի»,–ասում է Ալեքսը:

 

Արմեն Դավթյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: