ՆՍՀԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՓԱՍՏԹԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԵՂԵԼ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ․ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

2018թ․-ի հոկտեմբերի 27-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) գրասենյակի դիմաց կայանված ՆՍՀԿ-ին պատկանող ավտոմեքենային երեկոյան ժամի  անհայտ ավտոմեքենա էր հարվածել ու դիմել փախուստի։ Կատարվածը տեսագրվել էր մոտակայքում տեղադրված տեսախցիկի կողմից։ Դեպքի առթիվ Կազմակերպության նախագահը հաղորդում էր ներկայացրել՝ տրամադրելով  տեսագրության կրիչը։ Դրանից հետո շուրջ 3 ամիս ոչ մի տեղեկություն կատարվածի վերաբերյալ՝ քննության, մեղավորին  հայտնաբերելու, ինչպես նաև այլ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ,  Կազմակերպությունը չի ստացել։  Ավելին, գործի ընթացքի վերաբերյալ հնարավոր չի եղել ստանալ տեղեկություն նաև Ս․Գաբրիելյանի ՝ անձամբ ոստիկանություն կրկին այցելելուց հետո։ Մինչդեռ տեսագրությունից պարզ է դառնում, որ ճանապարհային ոստիկանություն (ՃՈ) էր ժամանել դեպքի վայր, քանի որ  բացի Կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայից, անհայտ վարորդը նաև հարվածել էր դիմացը կանգնած մյուս մեքենային։ Կազմակերպությունը 29․01․2019թ․ ՀՀ Ճանապարհային Ոստիկանությանն ուղարկված գրությամբ  խնդրել  էր տրամադրել տեղեկատվություն գործի ընթացքի վերաբերյալ, սակայն հարցմանը ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չէր տրվել։  

Կազմակերպությունը ստիպված 2019թ-ին դատական հայց էր ներկայացրել ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության՝ եռօրյա ժամկետում հայցվորի գրությանն ըստ էության պատասխանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Արդյունքում 2019թ-ի նոյեմբերի 20-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել էր հայցը։ Դատարանը որոշում էր կայացրել պարտավորեցնել պատասխանողին եռօրյա ժամկետում ըստ էության պատասխանել հայցվորի 29012019թ թիվ NG-02-015-1901 գրությանը և հօգուտ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի բռնագանձել հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը և հայցվորի ներկայացուցչի վճարը։ Գործով 2020թ-ի հոկտեմբերի 23-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից հարուցվել էր կատարողական վարույթ։ 

ՆՍՀԿ-ն բազմիցս դիմել է ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությանը, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությանը՝ խնդրելով հանձնարարել տրամադրել գրության պատասխանը, սական որևէ արձագանք չի ստացել։                   

ՆՍՀԿ-ի հերթական դիմումին ի պատասխան  2021թ-ի հուլիսի 8-ին ստացվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատասխանը, որին կից ներակայացվել է ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության գրությունը։ ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունից տեղեկացնում են, որ 2019թ-ի հունվարի 29-ի գրությանը հնարավոր չէ պատասխանել, քանի որ այն վերաբերում է 2018թ-ի հոկտեմբերի 27-ի Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստի առթիվ նախապատրաստված նյութերին, որոնք հնարավոր չի եղել հայտնաբերել, ինչի կապակցությամբ  Ճանապարհային ոստիկանությունում կատարվում է ծառայողական քննություն։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության նման անփույթ գործելաոճը։ Նման անգործության հետևանքով շատ հանցագործություններ չեն բացահայտվում, հանրության վստահությունը նվազում է այդ կառույցի նկատմամբ։ 

Հորդորում և կոչ ենք անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել հայտնաբերելու, թե ինչ հանգամանքներում են անհետացել գործի վերաբերյալ նյութերը և դրան համապատասխան ընթացք տալ։