ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Շարունակվում է համագործակցությունը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում։

Համագործակցության շրջանակներում 2021թ․-ի հուլիսի 7-ին և հուլիսի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը կրթահամալիրի սաներին ներկայացրեց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» և «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմաները։

 

Առաջին օրը՝ հուլիսի 7-ը, նվիրված էր «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմային, որի շրջանակներում փորձագետը ներկայացրեց ոլորտը կարգավորող կարևոր նորմատիվ իրավական ակտերը, հավաքների տեսակները, իրազեկումը, ոստիկանության գործողությունները և դերը, միջազգային պրակտիկան, օրենսդրությունը, փոքրամասնությունների հավաքների իրավունքը։

Հուլիսի 8-ի դասընթացի թեման էր «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը»։ Թեմայի շրջանակներում նեկայացվեցին խոշտանգման սահմանումը, խոշտանգման և վատ վերաբերմունքի տարանջատումը՝ որպես ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման սահմանում, քննարկվեցին խոշտանգման ենթարկված զոհերի գործերի քննության առանձնահատկությունները, խոշտանգման և վատ վերաբերմունքի միջազգային չափանիշերը և ՄԻԵԴ-ի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ներկայացվեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, բանակներում, խոշտանգումների դեպքերի վիճակագրություն։

 

Դասընթացը եզրափակվեց ակտիվ քննարկումներով և հարց ու պատասխանով։

Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։