ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՈւԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2021 թվականի մայիսի 26-27-ը Աղվերանում տեղի ունեցավ երկօրյա արտագնա դասընթաց բուժաշխատողների շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հիվանդությունների միջազգային դասակարգչի (ՀՄԴ) 11-րդ թարմացման վերաբերյալ։ Դասընթացին մասնակցում էին Երևան քաղաքի և ՀՀ տաբեր մարզերի բժշկական հաստատությունների բուժաշխատողներ՝ ներզատաբաններ և թերապևտներ։
Դասընթացի առաջին օրը սեռականության փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց սեռականության հիմնական տերմինները՝ «սեռ» և «գենդեր», «սեռական վարքագիծ», «սեռական կողմնորոշվածություն», «գենդերային ինքնություն», «գենդերային անհարմարվողականություն»։ Փորձագետը խոսեց տրանս* անձանց խնդիրներից, տրանսսեքսուալության ապաթոլոգիզացիայի կարևորությունից և գենդերի հաստատման գործընթացից, այն փոփոխություններից, որոնց տրանս* անձինք դիմում են՝ սոցիալական (անվան փոփոխություն, հագուկապի, սանրվածքի փոփոխություն), իրավական (անձնագրում անվան, լուսանկարի փոփխություն, սեռի մասին նշումի փոփոխություն), առողջապահական (պլաստիկ վիրահատություններ, հորմոնաթերապիա, սեռափոխության վիրահատություն)։ Մասնակիցները քննարկեցին նաև այն խնդիրները, որոնց տրանս* անձինք բախվում են Հայաստանում գենդերային հարմարվողականության միջոցառումներ ձեռնարկելիս, և այդ խնդիրները հասցեավորելու կարևորությունից։
Դասընթացի երկրորդ օրը վարեց իրավաբան, փորձագետ Լուսինե Գասպարյանը։ Նա ներկայացրեց ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությունը ՀՄԴ-11-ի համատեքստում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այդ կառույցի առաքելությունը, ԱՀԿ Հիվանդությունների միջազգային դասակարգիչը, խոսեց այն մասին, որ «Տրանսսեքսուալիզմ» և «Սեռական նույնականացման խանգարում» ախտորոշումները ՀՄԴ-11-ի վերանայմամբ ապաթոլոգիզացվել են և տեղափոխվել «Գենդերային անհամապատասխանություն» բաժին։ Մասնագետը նաև պատմեց «Գենդերային ինքնության իրավական ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, այդ թվում՝ գենդերի մասին նշումի փոփոխման կարգը, ինչպես նաև գենդերային ինքնության իրավական ճանաչման գործընթացում պետական գրանցումների համար պատասխանատու մարմինների իրավասությունները:
Դասընթացը միտված էր բուժաշխատողներին տրանսսեքսուալության ապաթոլոգիզացիային և ԱՀԿ-ի Հիվանդությունների միջազգային դասակարգչի 11-րդ թարմացմանը ծանոթացնելուն։ Այն անցավ չափազանց ակտիվ քննարկումների և արդյունավետ երկխոսության միջավայրում։
Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ ՌԱԴԻԱՆ-ի ֆոնդերի հաշվին։