ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ՝ ԲԵԿԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ

2020թ-ի նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (Դատարան)  Ա․Մ․-ի (անունը փոխված է) վերաբերյալ քննիչ Ա․Ասատրյանի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու մասին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) փաստաբան Արա Ղարագյոզյանի ներկայացրած բողոքը բավարարել էր՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել որոշմամբ արձանագրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները։  

 

Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Մուրադյանը, միջնորդելով բեկանել Դատարանի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը։  

 

2021թ-ի մայիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ դատախազի կողմից ներկայացված բողոքի քննությունը։ 2021թ-ի մայիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը, որով բավարարեց դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ բեկանվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ 

 

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Կազմակերպությունը դեռ չի ստացել։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշում է․ «Ցավալի է, այն որ խոշտանգման գործերի արդյունավետ քննությունը անընդհատ նման ձևերով ձգձգվում է։ Չնայած այդ ամենին հետևողական է լինելու գործի արդարացի քննության համար»։  

 

Գործի նախապատմություն։ 

Ա․Մ․-ն հայտնել է, որ իրեն հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  «Կենտրոնի» բաժին, բերման ենթարկելու որոշումը ցույց չեն տվել։ Ա․Մ․-ի ենթադրալ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված նրան ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը անհամաչափ ուժ են կիրառել՝ մինչև ոստիկանության բաժին հասնելը հարվածել են և հայհոյել։ Այդ ամենը շարունակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  «Կենտրոնի» բաժնում։  

Ոստիկանության բաժնի աշխատակիցները Ա․Մ․-ին թույլ չեն տվել օգտվել պաշտպան ունենալու իր իրավունքից։  Վերջիններս ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելով  ստիպել են իրենց ասածով բացատրություն և ցուցմունք տալ, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա համար շատ վատ է լինելու։ 

Դեպքի առթիվ Ա․Մ․-ն 2020թ․-ի հունվարի 29-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։   

2020թ․-ի մարտի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Ա․Մ․-ն ճանաչվել է տուժող։ 

2020թ․-ի մայիսի 30-ին ՀՔԾ քննիչ Ա․Ասատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։