«ԲԱՆԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՇՏԱՆԳՈՒՄԸ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ»․ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
2021թ-ի մարտի 13-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ժամկետային զինծառայող Հ․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել զինծառայակից ընկերների հետ, երբ նրանք իմացել են Հ․Ա․-ի սեռական կողմնորոշման մասին։ Այնուհետև վերջինիս տեղափոխել են այլ զորամաս։
ՀՀ-ում և Արցախում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասում նույն պատճառով կրկին խտրականության է ենթարկվել և գումարտակի հրամանատար, մայոր Տ․Թ․-ի հետ ծագած վիճաբանության համար Ճարտար քաղաքի հարակից ճանապարահատվածում ՀՀ ՊՆ Հադրութի ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Գ․Լ․-ն զինծառայողի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, լիցքավորել իր մոտ գտնվող ատրճանակը և երկու անգամ կրակել Հ․Ա․-ի ոտքերի աջ և ձախ կողմերը։ Դրանից հետո լիցքավորված ատրճանակը պահել է Հ․Ա-ի ճակատի ուղղությամբ ու սպառնացել սպանել։ Այնուհետև Գ․Լ․-ն ատրճանակի բռնակով հարվածել է Հ․Ա․-ի քթին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, որից հետո բռունցքով հարված է ստացել դեմքին։ Գ․Լ․-ի հարվածների հետևանքով Հ․Ա․-ն ստացել է ատամնաշարի և քթի կոտրվածք։ Նույն օրը տեղափոխվելով Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, բաժնի ընդունիչ-բաշխիչ խցում Գ․Լ-ն, ընդունիչ-բաշխիչի բաժնի պետը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը և հսկինչերից մի քանիսը փայտյա մահակներով ծեծի են ենթարկել Հ․Ա․-ին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքեր։
Հ․Ա․-ն մի քանի օր անցկացրել է խցում։
Նա այլ զորամաս տեղափոխվելուց հետո է միայն հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, քանի որ վերջինիս պարբերաբար սպառնացել են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2 մասի 2 կետի, 309․1 հոդվածի 1-ին մասի, 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։
Խստորեն դատապարտում ենք զինծառայողի նկատմամբ սեռական կողմնորոշման հիմքով դրսևորված խտրականությունը և բնռությունը։
Հորդորում ենք ՀՀ Կառավարությանը, Պաշտպանության նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը շտապ լուծում տալ ստեղծված իրավիճակին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողի անվտանգությունը ապահովելու և կատարված հանցագործության մեջ մեղավոր անձանց ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։