ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

2021թ․-ի փետվարի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  (Դատարան) ավարտվել է տրանսգենդեր անձ Է․Ա․-ի նկատմամբ սպանության փորձի գործով դատավարարությունը և նույն օրը դատարանի կողմից հրապարակվել է դատավճիռը։ 

Տուժողին իրավական և փաստաբանական ծառայություններ էր տրամադրել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ ի դեմս փաստաբան Արա Ղարագյոզյանի։ 

Դատարանի վճռով ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվեց  ազատազրկման 3 տարի, 6 ամիս ժամկետով։ Հաշվարկելով անազատության մեջ գտնվելու 2 օրը ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 3 տարի, 5 ամիս, 28 օր ժամկետով։   

Այնուամենայնիվ, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալը ազատվեց հանցագործության համար նշանակված պատիժը կրելուց։ Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվեց։ 

Դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվեց մասնակիորեն, ամբաստանյալից հօգուտ տուժող Է․Ա․-ի որոշվեց բռնագանձել 140․000 ՀՀ դրամ գումար՝ որպես տուժողի բուժման համար կատարված անհրաժեշտ ծախս, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվեց առանց քննության՝ տուժողին իրավունք վերապահելով քաղաքացիական հայց հարուցել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշում է, որ ամբաստանյալը իր կատարած արարքի համար համարժեք պատիժ չի ստացել։  

Տուժող կողմը քրեաիրավական որակման հետ համաձայն չէ, քաղաքացիական հարցը հարթված չէ, խախտվել է ՄԻԵԿ 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքը և Դատարանի վերոնշյալ որոշումը բողոքարկելու է։ 

  

Գործի նախապատմությունը`   

Տրանս անձ Է. Ա.-ի ծառայություններից օգտվելու նպատակով նրա բնակարան այցելած անձն իմանալով վերջինիս գենդերային ինքնության մասին  այրել է բնակարանն ու հեռացել։ Է.Ա.-ն ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և այրվածքներ։ Է. Ա.-ն հրաժարվել է հրաժարվել է իր նախկին փաստաբանից և դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որը տուժողին տրամադրել է փաստաբանի ծառայություններ՝ ի դեմս Արա Ղարագյոզյանի։  

Մինչ օրս տվյալ գործով 3 անգամ փոխվել է գործով նախագահող դատավորը, ինչի հետևանքով գործի քննությունը 

ամեն անգամ սկսվում էր սկզբից և ավարտին չէր մոտենում։  

Ամբաստանյալը միջնորդություն է ներկայացրել արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Մեղադրողի 

կողմից դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկություն չի ներկայացվել։ Չնայած տուժողի 

փաստաբանի  կողմից ներկայացված առարկությանը և ներկայացրած հիմքերին Դատարանը 2021թ-ի հունվարի 21-ին որոշում է կայացրել արագացված դատաքննության անցկացնելու մասին։ 

 

Մեղադրող դատախազի կողմից դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկություն չներկայացնելը բազում հիմքերի առկայության պարագայում խոսում է այն մասին, որ պետության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքությամբ պայմանավորված հանցագործություններին ճիշտ քրեաիրավական որակում տալու հետ կապված։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հետևողական է լինելու գործի արդարացի լուծմանը։