ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈՒԺՈՒՄ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔ․
2021թ․-ի հունվարի 18-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել օտարերկրյա քաղաքացի Ա․Ս-ն (անունը փոխված է)։ Վերջինս ՄԻԱՎ-ի լնդային տրանսուդատի հետազոտություն է անցել և արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ դրական։ Քաղաքացին ուղորդվել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ հետագա հետազոտությունների և ՄԻԱՎ-ի հաստատման դեպքում դիսպանսերային հսկողության անցնելու և բուժում ստանալու համար։ Հետազոտության արդյունքում վերջինիս մոտ ՄԻԱՎ դրական կարգավիճակը հաստատվել է, սակայն շահառուին անհրաժեշտ դեղորայքը չի տրամադրվել, քանի որ վերջինս չի ունեցել ՀՀ կացության քարտ։
Արդյունքում, Ա․Ս-ն իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով դիմել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ։
ՆՍՀԿ-ն 2021թ․-ի հունվարի 29-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն խնդրելով․
- Ա․Ս-ին տրամադրել բժշկական օգնություն ու սպասարկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։
2021թ․-ի փետրվարի 8-ին ստացվել է ՀՀ առողջապահության նախարարության գրությունը, համաձայն որի առաջարկվել է Ա․Ս-ին բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով կազմակերպելու նպատակով դիմել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)։
ՆՍՀԿ-ն դիմել է ԻՀԱԿ։ Արդյունքում Ա․Ս․-ն ընդգրկվել է բուժման և խնամքի ծառայություններում։
ՆՍՀԿ-ն շարունակում է քաղաքացուն տրամադրել իրավաբանական աջակցություն կացության քարտի ձեռբերման գործընթացում։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ Առողջապահության նախարարությանը և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին արդյունավետ համագործակցության համար:
Պարզաբանում․
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի հոդված 8․
- ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ առողջապահության նախարարի 22.11.2013 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» № 75-Ն որոշման 13-րդ կետ
- ՀՌՎ բուժումն անվճար է և տրամադրվում է ցուցում ունեցող բոլոր հիվանդներին, որոնք տվել են իրենց համաձայնությունը բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո: