ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈՒԺՈՒՄ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔ․

2021թ-ի հունվարի 18-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել օտարերկրյա քաղաքացի ԱՍ-ն (անունը փոխված է)։ Վերջինս  ՄԻԱՎ-ի լնդային տրանսուդատի հետազոտություն է անցել և արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ դրական։ Քաղաքացին ուղորդվել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ հետագա հետազոտությունների և ՄԻԱՎ-ի հաստատման դեպքում դիսպանսերային հսկողության անցնելու և բուժում ստանալու համար։ Հետազոտության արդյունքում վերջինիս մոտ ՄԻԱՎ դրական կարգավիճակը հաստատվել է, սակայն շահառուին անհրաժեշտ դեղորայքը չի տրամադրվել, քանի որ վերջինս չի ունեցել ՀՀ կացության քարտ։  

Արդյունքում, ԱՍ-ն իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով դիմել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ։ 

 ՆՍՀԿ-ն 2021թ-ի հունվարի 29-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն խնդրելով 

  • ԱՍ-ին տրամադրել բժշկական օգնություն ու սպասարկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։ 

 2021թ․-ի փետրվարի 8-ին ստացվել է ՀՀ առողջապահության նախարարության գրությունը, համաձայն որի առաջարկվել է  ԱՍ-ին բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով կազմակերպելու նպատակով դիմել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)։ 

 

ՆՍՀԿ-ն դիմել է ԻՀԱԿ։  Արդյունքում  ԱՍ  ընդգրկվել է բուժման և խնամքի ծառայություններում։ 

 ՆՍՀԿ-ն շարունակում է քաղաքացուն տրամադրել իրավաբանական աջակցություն կացության քարտի ձեռբերման գործընթացում։
 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական  ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ Առողջապահության նախարարությանը և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին արդյունավետ համագործակցության համար: 

 

Պարզաբանում 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի հոդված 8 

  • ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  

 

ՀՀ առողջապահության նախարարի 22.11.2013 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» № 75-Ն որոշման 13-րդ կետ 

  • ՀՌՎ բուժումն անվճար է և տրամադրվում է ցուցում ունեցող բոլոր հիվանդներին, որոնք տվել են իրենց համաձայնությունը բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո: