ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱԴՎՈԿԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցավ «ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների վերաբերյալ բյուջետային վերլուծությունների և պետական բյուջեի վերլուծության միջազգային ուղեցույցի ներկայացում» հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի մաս կազմող Վնասի նվազեցման եվրասիական ասոցիացիայի (EHRA) դրամաշնորհի շրջանակներում քաղաքացիական հասարակության ցանցերի Ռոբերտ Կարրի հիմնադրամի (RCF) ֆոնդերի հաշվին։
Հանդիպմանը մասնակցում էին ՏՍՏ և տրանս* անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ՀՀ Առողջապահության նախարարության, Միջոցառումները համարգող հանձնաժողովի (ՄՀՀ), ինչպես նաև ՏՍՏ և տրանս* համայնքների ներկայացուցիչներ։
Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Հմայակ Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին հրավերը ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Նա ներկայացրեց բյուջետային ադվոկացիայի ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հյուրերին ծանոթացրեց հանդիպման օրակարգին։
Փորձագետ Մարիամ Մուրադյանը ներկայացրեց «ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար բյուջետային ադվոկացիայի միջազգային փորձը» զեկույցը՝ խոսելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների բյուջետային ադվոկացիայի պատմությունից, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի անցումային հաջողված դեպքերից, մեթոդներից։
Մյուս փորձագետ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց «ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը» վերլուծությունը՝ ներկայացնելով հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդները, վերլուծության ընթացքում դիտարկված փաստաթղթերը, ֆինանսական բացերը, ինչպես նաև առաջարկություններ և եզրակացություն։
Հանդիպման մասնակիցները ակտիվ քննարկում ունեցան վերլուծությունների վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով և դիտարկումներով, որոնք հաշվի կառնվեն հետագայում ֆինանսական բացերը հասցեավորող ադվոկացիոն ճանապարհային քարտեզ մշակելիս փորձագետ Անահիտ Հարությունյանի կողմից։
Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի, քննարկումների մթնոլորտում։