«ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ և ԱՐՑԱԽՒ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

   «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մշտապես կանգնած է եղել  սոցիալապես անապահով մարդկանց, խոցելի խմբերի կողքին ՝ փորձելով տրամադրել ոչ միայն աջակցություն սննդի տեսքով, այլև իրավաբանական, հոգեբանական խորհրդատվության։ 

   2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական իրադարձությունները և դրանց հետևանքները իրենց ազդեցությունը թողեցին նաև ՀԿ-ի և դրա  հետագա գործունեության վրա։ Իրադարձությունները ցավալի էին և լի հոգեբանական, սոցիալական և այլ խնդիրներով, բարդություններով, որոնց արձագանքը եղան ՀԿ-ի հետագա քայլերը։

   2021 թվականի Հունվարի 16-ից Մարդասիրական ՀԿ-ն  մեկնարկեց  իր «Հանուն Հայ զինվորի և Արցախի» աջակցության ծրագիրը, որը ուղղված է 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված, պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակցած, զոհված կամ վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, ինչպես նաև Արցախից տեղահանված և հետ վերադարձած հայրենակիցներին։ Անշուշտ, այս անգամ ևս «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն առաջիններից էր իր աջակցությունը և օգնության ձեռքը մեկնելու հարցում։  Հաշվի առնելով օգնության  վայրի հասանելիության աստիճանը, ՀԿ-ն որոշեց բաշխումն իրականացնել ոչ միայն Երևանում գտնվող իր գրասենյակում, այլև Վանաձորում և Գյումրիում։ Օգնությունը տրամադրվելու է հագուստի տեսքով բոլոր տարիքային խմբերին։   

  Իհարկե, պետական այլ կառույցները, բարեգործական ընկերությունները ևս միտված են աջակցել, սակայն այս ծանր ժամանակահատվածում բոլորս պետք է լինենք մեր  հայրենակիցների կողքին։ Այս ծրագիրը ՀԿ-ի շարունակական մարդասիրական գործունեությունից զատ ցույց է տալիս նաև այն երախտագիտությունը, որ տածվում  է զոհված ազատամարտիկների հանդեպ, ինչպես նաև պատասխանատվությունը և պատրաստակամությունը տուժածներին օգնելու հարցում։