Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ԵՎ ակտիվիստների հայտարարությունն` ուղղված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը կոչ էր անում համընդհանուր զինադադար հաստատել Քովիդ-19 համաճարակի տարածման համատեքստում:

2020թ․-ի սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 100 կազմակերպությունների հետ համատեղ, կոչ են արել միջազգային հանրությանը՝ պահանջելով հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ վերջ տալու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար։

2020թ․-ի հոկտեմբերի 1-ին, ևս մեկ կոչ է արվել, որի համաձայն, եթե միջազգային հանրույթը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի հրահրված պատերազմին, ապա պետք է կիսի տարածաշրջանում տեղի ունեցող վայրագությունների և ապակայունացման պատասխանատվությունը։ Այս կոչը պայմանավորված էր նրանով , որ հայտնվեցին հիմնավոր ապացույցներ այն փաստի վերաբերյալ, որ Թուրքիան ներգրավված է պատերազմական գործողություններում՝ իր ռազմական անձնակազմի և սարքավորումների, ինչպես նաև Սիրիայից հավաքագրված ահաբեկչական խմբավորումների միջոցով։ Այս կոչը ստորագրվել է ավելի քան 200 կազմակերպությունների և անհատների կողմից, և ստորագրահավաքը ներկայացվել է Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացված քաղաքացիական ակցիայի ժամանակ։

Մինչ օրս որևէ միջազգային գործընկեր կառույցի կողմից արձագանք չի եղել։ Ինչպես 1984 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն է ասել. «Եթե անարդարության պայմաններում դուք չեզոք եք, ապա ընտրել եք հալածողի կողմը»։

Մինևնույն ժամանակ, Ստեփանակերտի և այլ խաղաղ բնկավայրերերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող ռմբակոծությունները՝ կասետային զինամթերքի, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, հանգեցրել են մարդկային կյանքի կորուստների և լուրջ վնասվածքների։ Զգալի վնասներ են ստացել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանակապարտեզներ, հիվանդանոցներ և մշակութային օբյեկտներ, ինչպես նաև Արցախի բնակչության զգալի մասը տարհանվել է։

Ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները Արցախի (հոկտեմբերի 1-ին և 10-ին ) և Հայաստանի (հոկտեմբերի 1-ին) իրենց զեկույցներում ներկայացրել են Ադրբեջանի/Թուրքիայի հարձակումներից բխող ռազմական հանցագործությունների ապացույցները: Մարդու իրավունքների պաշտպանները դիմել են միջազգային հանրությանը մարդու իրավունքների միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական խախտումները դադարեցնելու միջամտության խնդրանքով։

Մինչդեռ Հայաստանում Միջազգային հանրությունը հիմնականում լուռ էր Արցախի իրավիճակի հետ կապված, Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և դիվանագետները այցելել են Գյանջա՝ անձամբ ականատես լինելու հակամարտության հետևանքներին։ Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգողը ակնհայտորեն կողմնակալ հայտարարություն է արել այն մասին, որ իրենք ցանկանում են, որ ադրբեջանական համայնքը վերադառնա Լեռնային Ղարաբաղ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ կաջակցեն Գյանջայում հայկական հրթիռից տուժած երեխաներին։

Միջազգային կազմակերպությունների մեծ մասին չի թույլատրվում այցելել Արցախ, քանի որ այն «չճանաչված պետություն է»։ Այնուամենայնիվ, Վարդենիսը և Արծվանիկը գտնվում են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ միջազգային դերակատաները չեն այցելել այնտեղ դիտարկելու Ադրբեջանի ռմբակոծության պատճառած վնասները, որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի։

Զուգահեռներ անցկացնելով՝ մենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների ներկայիս դիրքորոշումը համարում ենք իրենց մանդատների, արժեքների և պարտականությունների աննախադեպ անփութություն: Պատերազմի 19-րդ օրն է, և մենք դեռ ականատես չենք եղել միջազգային կազմակերպությունների գեթ մեկ արդյունավետ գործողության՝ դատապարտելու և կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի ավտորիտար ղեկավարների գործողությունները, որոնցից մեկը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդի կյանքը՝ պահպանելու համար կոռուպցիայի միջոցով վաստակած ուժն ու հարստությունը, իսկ մյուսը փորձում է վերադարձնել Օսմանյան կայսրության սահմաններ՝ նույն ցեղասպանական գործելաոճի միջոցով, ինչ որ անում էին նախնիները: Դեռ մեկ դար առաջ չկային կազմակերպված միջազգային կազմակերպություններ բռնապետերի բռնություններին համարժեք արձագանքելու համար, բայց այժմ առկա բազմաթիվ կազմակերպությունները անգործ ու լուռ են և վերածվել են Արցախի ռազմադաշտում նորագույն զենքի ցուցադրման և անմեղ մարդկանց մահվան հանդիսատեսների:

Արցախի ժողովուրդը լքված է և իր ողբերգության հետ միանգամայն մենակ՝ գոյութենական սպառնալիքի առջև: Էլ ավելի ողբերգական է մոտալուտ մարդասիրական ճգնաժամը, որը կարող է նույնիսկ փաստագրված չլինել իրավասու կազմակերպությունների կողմից, քանի որ արգելված է նրանց մուտքը «չճանաչված» Արցախի հանրապետություն: Այս գործողությունները բացարձակապես անհամատեղելի են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական խոստման հետ, որը պահանջում է, որ մենք «չանտեսենք ոչ ոքի»:

Ավելորդ է ասել, թե որքանով ենք մենք ցնցված և հիասթափված՝ ականատես լինելով Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և, մասնավորապես, երկրում ներկայացված ՄԱԿ-ի գործակալությունների բացարձակ անգործությանը: Համոզված ենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հստակ հասկանում է, թե ով է սկսել այս պատերազմը և ինչ է տեղի ունենում Արցախի բնիկ ժողովրդի հետ, ովքեր պարզապես ցանկանում են ապրել իրենց նախնիների երկրում, ովքեր դարեր շարունակ պատմական, մշակութային և քաղաքական ժառանգություն են կառուցել: Իսկ Արցախում մարդիկ արժանի են խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապրել իրենց հայրենիքում:

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների բացարձակ արգելումը, ստեղծում են և՛ բարոյական, և՛ իրավական լիազորություններ ՄԱԿ-ի բոլոր սուբյեկտների/մարմինների համար խոսել նաև չճանաչված տարածքների ժողովուրդների մասին: Մարդկային կյանքը կարևոր է՝ անկախ քաղաքականությունից, փողից և սահմաններից: Հնարավոր էթնիկական զտումները և հումանիտար ճգնաժամը պետք է կանխվեն՝ անկախ նրանից տվյալ տարածքը ճանաչված է, թե ոչ:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեի ժամանակին արված հայտարարությունները, բայց գիտենք, որ իրադարձությունները պահանջում են ավելի ակտիվ և խորը ներգրավում առանց հետագա հապաղումների` կանխելու մարդկային լրացուցիչ տառապանքները:

Մենք դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ` ակտիվ դիրքորոշում ունենալով պատերազմը դադարեցնելու, հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու հարցում:

Մասնավորապես, մենք հորդորում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝

  1. Խորությամբ ուսումնասիրել և հստակ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական հարձակումը և վարձկանների տեղակայումը տարածաշրջանում և քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու նրանց ագրեսիան, որը հանգեցնում է Արցախում էթնիկ զտումների,
  2. Հնարավորություններ ստեղծել և կազմակերպել միջազգային ներկայացուցիչների այցը Արցախի տարածք` խաղաղ բնակավայրերում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և վայրագությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և փաստաթղթավորելու համար,
  3. Օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հաղթահարելու Ադրբեջանի և Թուրքիայի հրահրած պատերազմի արդյունքում կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում առաջացած խնդիրները,
  4. Երաշխավորել, որ Հայաստանի կառավարությանը մատուցվի պատշաճ մարդասիրական օգնություն` Արցախի տեղահանված մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար,
  5. Աշխատել Բաքվում գործող գործընկերների հետ և մշակել տարածաշրջանում ատելության, ռազմական գործողությունների և պատերազմի քարոզչության չեզոքացման ծրագիր, ինչպես սահմանված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածով:

Հայստարարությանը միացել են ներքոստորագրյալ կազմակերպությունները և հարյուրից ավել անհատներ Հայաստանից ու սփյուռքից։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն
Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
Ազդեցիկ քաղաքացի ՀԿ
Ալիք Մեդիա Հայաստան
Ամփոփ Մեդիա
Անգել ՀԿ
Առաքելություն Օգնության և Զարգացման ՀԿ
«ԱՐԻ» գրականության հիմնադրամ
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ
Գյումրու ՄԷԿ մշակութային էքսպերիմենտալ կենտրոն ՀԿ
Երեխաների աջակցության հիմնադրամ
Երեխաների պաշտպանության ցանց
Երևանի մամուլի ակումբ
Երիտասարդ պատմագետների ասոցիացիա
Երիտասարդական ակումբների դաշնություն
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակություն
«Էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Էֆ Էմ» անկախ լրագրության հարթակ
Էկոթիմ ՀԿ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ
Թուխմանուկ ՀԿ
Ժողովրդավարությունն այսօր ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Իրավունքի Եվրոպա ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Լրագրողներ հանուն ապագայի
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Խտրականության դեմ և հանուն հավասարության կոալիցիա
Կաթիլ բարեգործական հիմնադրամ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Կանանց Հզորացման Ռեսուրս Կենտրոն
Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Կանանց Ֆորում» ՀԿ
«Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպություն
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Հայստարտ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
«Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամ
Հայկական երիտասարդական լիգա ՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Հասարակական պաշտպանների միություն
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Հավասարության ինդեքս իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ
Հույս ՀԿ
«Լամպ» հիմնադրամ
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Միհր Թատրոն
«Մուզանավ» մշակութային ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Շամս» մարդասիրական ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Շենացնենք մեր գյուղը ՀԿ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
Վիննեթ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանց
Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ
Ունիսոն ՀԿ
Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ
Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական հիմնադրամ
Սինեմարթ ԵՀԿ
Սոցիալական արդարություն ՀԿ
Սոցիալական և երիտասարդական աշխատողներ
Սոցիոսկոպ ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
ՏՐՏՈՒ մշակութային ՀԿ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
Քաղաքականության հետազոտական կենտրոն
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ
Քաղաքական նորարարությունների կենտրոն
Քաղաքացիական Ֆորում
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ
Ֆերմերային Շարժում ՀԿ