Լեսբիների կյանքը Հայաստանում

«Սկզբից ինքդ քեզ ընդունելն է շատ դժվար։ Մորս հարցեր էի տալիս, բնականաբար չասելով, որ խոսքը իմ մասին է, ու բացասական կարծիքներ լսելով՝ միանգամից վախենում էի շարունակել խոսակցությունը»,- պատմում է  25-ամյա Մարին այն մասին, թե ինչ խնդիրներ է ունեցել ի սկզբանե, երբ 15 տարեկանում հասկացել է, թե ինչ սեռական կողմնորոշում ունի: Մարին լեսբի է:

 

21 տարեկանում Մարիի ընտանիքում իմանում են նրա սեռական կողմնորոշման մասին և չեն ընդունում. «Հիմա էլ մայրս մտածում է, որ այս ամենն  անցյալում է, ու ես պարզապես դեռ նորմալ տղայի չեմ հանդիպել»։

 

 Մարին պատմում է, որ հասարակության հետ ունեցած խնդիրները դեռևս չի կարողանում հաղթահարել, քանզի ներքին վախեր կան, որոնք թույլ չեն տալիս. «Երբ հայտնվում եմ մի շրջապատում, որտեղ բոլորը հոմոֆոբ են, չեմ կարողանում բարձրաձայնել իմ էությունը, բայց եթե հարցնեն, չեմ ասի, որ լեսբի չեմ»։

 

Մարին այժմ իր զուգընկերուհու՝ 24-ամյա Անուշի հետ միասին ապրում է վարձով բնակարանում, սակայն տունը կորցնելու վտանգից ելնելով՝ դարձյալ թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը։ Անուշն էլ իր հերթին նշում է, որ ռիսկային կլինի բոլորին պատմել, որ միասին են ապրում, քանզի պատմելուց հետո խնդիրներն անխուսափելի կլինեն:

 

Անուշը Գեղարքունիքի մարզից է, 17 տարեկանից ապրում է Երևանում։ Սովորելու տարիներին ապրել է մեկ այլ լեսբի աղջկա հետ, վերջինս էլ ըստ նրա՝ օգնել է ինքնաճանաչողության հարցում. «Մենք զուտ լավ ընկերներ էինք, ու մեզ մոտ ոչ մի էմոցիոնալ կապ չկար, բայց իրեն կողքից նայելով՝ հասկանում էի, որ այդ նույն մտքերը ես էլ ունեմ»։

 

Անուշը պատմում է, որ ընտանիքում տեղյակ չեն իր սեռական կողմնորոշման մասին. «Ես ընտրել եմ այդ ռազմավարությունը, հնարավորինս պետք է թաքցնեմ իրենցից, որովհետև սա իմ կյանքն է ու միայն ինձ է վերաբերվում»։

 

Մարիի խոսքով՝ իր իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն. «Եթե ես ՀՀ-ում երեխա ունենամ ու նրան մեծացնեմ մեկ այլ կնոջ հետ, իմ երեխային կարող են վերցնել»։

 

Իրավաբան Շուշան Խնկոյանի խոսքով՝ օրենքը թույլ չի տալիս, որ նույնասեռ ամուսինները երեխա ունենան։ Նրանք չեն կարող երեխա ունենալ արհեստական բեղմնավորման ճանապարհով, քանզի կառավարության 2015 թ.-ի մայիսի 27-ի որոշման համաձայն՝ արհեստական բեղմնավորում իրականացնելու համար ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը պետք է գրանցված լինի ՀՀ-ում։  Միևնույն ժամանակ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածն ասում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է: Հետևաբար՝ Հայաստանում նույնասեռ ամուսնություն որպես այդպիսին չի կարող գրանցվել, իսկ օրենքի ուժով չամրագրված ամուսնության դեպքում ընտանիքն իրավասու չէ արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալ։

 

Նույնը վերաբերվում է նաև որդեգրման կարգին․ «Նույնասեռ զույգերի ամուսնությունը Հայաստանում օրինական է համարվում միայն այն դեպքում, եթե արտերկրում նրանց ամուսնությունը գրանցվել է տվյալ երկրի օրենքի դրույթներին համապատասխան հյուպատոսական վավերացումից հետո, սակայն այս դեպքում էլ նույնասեռական զույգերը Հայաստանում երեխա որդեգրել չեն կարող՝ օրենսդրական բացերով պայմանավորված»,- փաստում է իրավաբանը։

 

Տաթևն էլ (անունն իր կամքով փոխված է)  իր սեռական կողմնորոշման պատճառով ստիպված է եղել 8 ամիս տնից դուրս չգալ, քանզի ծնողները, երբ իմացել են կողմնորոշման մասին, իրեն փակի տակ են պահել։ 14 տարեկանում է հասկացել, որ լեսբի է. «Տղաներն ինձ գաղափարապես հետաքրքիր չէին, 5 րոպեից ավելի չէի կարողանում շփվել իրենց հետ, իսկ աղջիկների հետ հետաքրքիր էր»։

 

Տաթևը պատմում է, որ ստացվել էր այնպես, որ սիրահարվել էր մի աղջկա, սակայն վերջինս հետերոսեքսուալ կողմնորոշում ուներ. «2018 թվականին իր մայրը պատահաբար մեր նամակագրությունն էր տեսել, հետո զանգել էր ծնողներիս կանչել իրենց տուն։ Ես արդեն հասկացել էի ու փորձում էի տնից դուրս գալ, բայց տանը էլի մարդ կար, ու թույլ չտվեցին»։

 

Այժմ Տաթևը սովորում է, միաժամանակ նաև աշխատում։ Ինչպես ինքն է ասում՝ ինչին ձեռքը հասնում է, սովորում է՝ վարսահարդար, ֆլորիստ. «Աշխատանքի հետ կապված սեռական կողմնորոշման պատճառով խնդիրներ ունեցել եմ, որովհետև մազերս հիմնականում կարճ էր, ու գործատուները հրաժարվում էին աշխատել ինձ հետ, հետո մազերս երկարացրի, ոչ թե զիջման գնալու, այլ ավելին ունենալու համար՝ փոփոխություններ արեցի իրենց գաղափարի սահմանում»։

 

Ինան (անունն իր կամքով փոխված է) պատմում է, որ մարդիկ, երբ իմանում են իրենց՝ լեսբիների  սեռական կողմնորոշման մասին, սկսում են ավելի ցածր դասել իրենց. «Օրինակ, երբ ինչ-որ տղամարդու ասում եմ, որ ես կանանց եմ հավանում, իրենց մոտ դա ասոցացվում է լկտիության հետ ու հենց այդ ժամանակ ես ինձ որպես իր եմ զգում. թերևս հենց սա է խտրականությունը ինձ համար»։ 

 

Իրավաբան Շուշան Խնկոյանը, խոսելով լեսբիների իրավունքներից, նշում է, որ իրավունքների պաշտպանության առումով կան մի շարք բացեր. «Թեև ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է խտրականության արգելքի մասին, սակայն ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները չեն կարող պաշտպանություն գտնել այդ հոդվածով, քանզի անձանց կողմնորոշման մասին որևէ դրույթ չկա։ Ունենք միայն իրավահավասարության ապահովման մասին օրենքի նախագիծը, որը 2018 թվականից շրջանառության մեջ է դրված, սակայն խոցելի խմբերի պաշտպանության առումով սա ևս թերի է»։

 

Իրավաբանի խոսքով՝ Հայաստանում լեսբիները բռնության ու խտրականության են ենթարկվում հիմնականում իրենց ընտանիքների կողմից. «Երբ ընտանիքի անդամները տեղեկանում են իրենց սեռական  կողմնորոշման մասին, փորձում են նրանց կա՛մ փակի տակ պահել, կա՛մ տնից դուրս են հանում»։ 

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ԼԳԲՏԻ համայնքի 380 անձի տրամադրել է իրավախորհրդատվություն, որոնցից լեսբիների շրջանում արձանագրվել է 10 իրավախախտման դեպք և՛ ընտանիքում, և՛ այլ շրջապատում։

 

Անհրաժեշտ հասկացություններ/ հապավումներ

 

ԼԳԲՏԻ —  լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս։

Լեսբի — Հոմոսեքսուալ կին; կին, որը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինչպես նաև ինտիմ և սեռական հարաբերություններ և/կամ հարաբերությունների ցանկություն ունի նույն սեռի անձանց նկատմամբ։

Հոմոֆոբ — Նույնասեռականների նկատմամբ հակակրանք կամ նախապաշարմունքներ ունեցող և/կամ ցույց տվող մարդ

Հետերոսեքսուալ — Մարդ, որը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինչպես նաև ինտիմ և սեռական հարաբերություններ և/կամ հարաբերությունների ցանկություն ունի հակառակ սեռի անձանց նկատմամբ։

 

Շուշանիկ Միսկարյան

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: