ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈւԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԸ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 2020թ․-ի օգոստոսի 19-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ ճանաչել Ռ․Խ․-ի իրավունքների և ազատությունների խախտումը՝ հանձնարարելով հետաքննության մարմնին հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար։
Արդյունքում ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից 2020թ․-ի օգոսոսի 26-ի գրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին հանձնարարվել է Ռ․Խ․-ի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը։
Գործի նախապատմությունը։
2020թ․-ի մարտի 16-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել քաղաքացի Ռ․ Խ․-ն, ում «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնում հրաժարվել են վիրահատել՝ տեղեկանալով նրա ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։
ՀԿ-ն այդ մասին գրավոր բողոք է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ ոստիկանություն։
2020թ․-ի ապրիլի 20-ին Ռ․ Խ․-ն ՆՍՀԿ-ի կողմից տրամադրված փաստաբանի հետ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել բացատրություն։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի 2020թ․-ի օգոստոսի 8-ի գրությամբ հայտնում են, որ ՆՍՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Քանաքեռ-Զեյթուն բաժնում իրականացված ստուգումներով Ռ․Խ․-ին դիտավորությամբ բուժօգնություն չցուցաբերելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել, ուստի գրությունը թողնվել է անհետևանք և եզրակացությամբ կցվել է քարտուղարության շարքին։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր չեն նախապատրաստվել, քանի որ 17․03․2020թ․-ի գրությամբ նշված հանգամանքները քննարկվել են որպես ստուգման կարիք ունեցող տեղեկություններ։