ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԹԻՐԱԽ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2020 թվականի օգոստոսի 18-19-ը Գյումրի քաղաքում տեղի ունեցավ թիրախ համայնքներից կազմված աշխատանքային խմբի առաջին արտագնա հանդիպումը, որը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ- ի կողմից իրականացվող «Խթանելով թիրախ խմբերի ակտիվ մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման» ծրագրի շրջանակներում։

 

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՏՍՏ և տրանս*, թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ) և ՄԻԱՎ-ով ապրող կանանց համայնքների ներկայացուցիչ-ակտիվիստները, որոնք ընդգրկված են թիրախ խմբերի բյուջետային ադվոկացիային ուղղված ծրագրում։

Աշխատանքային հանդիպման մեկնարկը տվեց ծրագրի համակարգող Հմայակ Ավետիսյանը, որը ներկայացրեց աշխատանքային հանդիպման նպատակները և խնդիրները, օրակարգը և երկու օրերի անելիքները։

«Անձնական վահան» վարժության միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ՝ իրար ներկայացնելով իրենց անունը, կյանքի կարգախոսը, իրենց ուժեղ կողմերը, որոնք կարող են օգտագործվել բյուջետային ադվոկացիայի ոլորտում, ինչպես նաև աշխատանքային խմբում ներգրավվելու մոտիվացիան և նպատակները։

Աշխատանքային հանդիպման առաջին օրը «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ և հանդիպման վարող Անահիտ Հարությունյանը ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի միջոցով դուրս բերեց երեք թիրախ խմբերի առանձին կարիքները և առաջնահերթությունները, ինչպես նաև ներկայացրեց նախապես մշակված և դասընթացների մասնակիցների կողմից լրացված գործիքի արդյունքները։

 

Աշխատանքային հանդիպման երկրորդ օրը մասնակիցները հանդիպման վարողի օգնությամբ մշակեցին աշխատանքային խմբի հետագա քայլերը, որոնք հիմնված են նախորդ օրվա քննարկումների և մշակված գործիքի արդյունքների վրա։

 

Աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա լրացումներ և փոփոխություններ կկատարվեն բյուջետային ադվոկացիայի հստակ քայլեր ներկայացնող ռազմավարական փաստաթղթում, ինչը կբերվի վերջնական տեսքի։

 

Հանդիպման մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ սա Հայաստանում ակտիվիզմի պատմության մեջ առաջին դեպքն է, որ տարբեր թիրախ խմբերի ներկայացուցիչ-ակտիվիստներ հավաքվում են ընդհանրություններ գտնելու, խնդիրների մասին խոսելու և դրանք լուծելու քայլեր մշակելու ուղղությամբ, ինչը համարեցին փոքրիկ հաղթանակ։

                                                                                      

Ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի կողմից Տարածաշրջանային եվրասիական կոնսորցիումի շրջանակներում Ռոբերտ Կարրի ֆոնդերի հաշվին։