ԻՄ ԵՐԵԽԱՆ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ Է
Տիկին Սարան (անունն իր կամքով փոխված է) 57-ամյա կին է։ Ապրում է քաղաքի արվարձաններից մեկում միակ երեխայի՝ 26-ամյա Էլլայի հետ։ Մասնագիտությամբ խոհարար է, ներկա պահին՝ տարիքային խտրականության պատճառով գործազուրկ։
Մենք գտնվում ենք իրենց վարձու գետնաշեն բնակարանում, որը թեև բազմահարկ շենքում չէ, բայց պայմանները հանրակացարան են հիշեցնում․ բաղնիքն ընդհանուր է բակի մնացած բնակիչների հետ, տանը ջրամատակարարման համակարգ չկա։
Նրանք նստած են իմ դիմաց՝ Էլլան՝ ամաչկոտ ու փոքր-ինչ լարված սպասվող հարցազրույցից, մայրը՝ աչքերն իմ հանդեպ բերկրանքով լցված։ Վերջապես հանդիպել ենք մի քանի ամիս հեռահար շփումից հետո։ Տիկին Սարան Էլլային այս ու այն կողմ է ուղարկում՝ լավագույն հյուրասիրությունները բերելու, հետո իր ձեռքով իր իսկ ֆիրմային պաղպաղակն է մրգերով պատրաստում։ Մենք զրուցում ենք անչափ ջերմ ու մտերմիկ միջավայրում ու վայելում տիկին Սարայի պատրաստած անուշեղենը։ Էլլային ուղարկում է դրսի աղբյուրից ջուր բերելու։
«Անյա ջան, ես մայր եմ,- սկսվում է մեր խոսակցությունը,- գնա ու գազանի բնի մեջ փորձիր իր ձագին ձեռք տալ։ Ի՞նչ կանի գազանը քեզ։ Բա ինքն էլ իմ ձագն ա․․․ Իսկ ես էդ ծնողն եմ, էդ գազանն եմ։ Ի՜նչ․․ Ո՜նց․․․ Խի՜․․․ Ես մայր եմ։ Իմ երեխան ոնց կա, ես ընդունել եմ ու ապրում եմ իր հետ։ Էնքան հարվածներ եմ ստացել՝ էսօր ես կռացել եմ։ Զինվորը, մեռնեմ իրանց ջանին, դիրքում ա կռվում, իսկ ես հասարակության մեջ եմ կռվում, հասկանու՞մ ես։ Ես էլ իմ դիրքն եմ պահում։ Էնքան դժվար ա եղել ինձ համար։ Ավել-պակաս խոսել են, անգամ քարեր են շպրտել մեր տանիքի վրա, վերջին բառերն եմ լսել․․․»
Էլլան տրանսգենդեր կին է։
Ըստ վիճակագրության Հայաստանը արդեն որերորդ տարին է եվրոպական երկրների շարքում հոմոֆոբիայի մակարդակով գտնվում է առաջին եռյակի մեջ՝ երբեմն միայն զիջելով Թուրքիային ու Ադրբեջանին։ Իսկ ինչքան հոմոֆոբ է լինում հասարակությունը, այդքան ավելի դժվար է ԼԳԲՏԻ անձանց համար անգամ իրենց սեփական ընտանիքների կողմից սիրո ու հոգատարության արժանանալը։
Այդ պատճառով Հայաստանում գենդերային և սեռական բազմազանությանը պատկանող անձինք հաճախ ընտանիքից ու հասարակությունից թաքցնում են իրենց սեռական կողմնորոշվածությունն ու գենդերային ինքնությունը։ Շատ դեպքերում, երբ ծնողներն իմանում են երեխայի ինքնության մասին, հրաժարվում են նրանից ու առանց տանիքի թողնում։ Հատկապես հիմա՝ COVID-19-ով պայմանավորված խառը ժամանակաշրջանում ԼԳԲՏԻ համայնքը այս համատեքստում շատ ավելի խոցելի է դարձել։ Բայց նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ ի վերջո ծնողն իր մեջ ուժ է գտնում երեխային ընդունելու ու սիրելու, հաճախ չի կարող դա անել բացեիբաց՝ հասարակության ու հարազատության առջև։
Սակայն այլ է Էլլայի ու տիկին Սարայի պատմությունը։
2014 թվականն էր, երբ Էլլան պարտադիր զինվորական ծառայությունն ավարտեց ու մորը վերջապես ասաց, որ իրեն աղջիկ է զգում։ Կռված էին։ Թղթի վրա գրություն թողեց, որ մայրը տեսնի ու կարդա ճշմարտությունը, ու տնից դուրս եկավ։ Իսկ մայրը վաղուց էր զգացել․ Դեռ փոքր ժամանակվանից սկսած Էլլան տիկնիկներով էր խաղում ու կանանց շորիկներ էր հագնում։ «Անգամ հին լուսանկարներում իր կանգնած դիրքից ու ձևից զգացվում է կանացիությունը»,- փաստում է տիկին Սարան։
Իրենց ընտանիքի մնացած անդամների մոտ միասին ապրելու ընթացքում Էլլայի մասին հարցեր իհարկե ծագում էին, օրինակ՝ իր երկար մազերի հետ կապված, սակայն ինքնության մասին Էլլան անձամբ է նրանց հայտնել։ «Իրեն ընտանիքում ոչ ոք չի ընդունել, բայց ես բոլորին դեմ եմ գնացել։ Ասում էի՝ մի ստիպեք ինձ հրաժարվել իմ երեխայից։ Կարող ա հիմա բոլորի աչքին փուշ երևամ արածիս համար, բայց ես իմ երեխային եմ ընտրել»,- ասում է տիկին Սարան ու մատնացույց անում տան պայմանները, որտեղ ջրամատակարարում ու սանհանգույց չկա, հետո հավելում՝ ոչի՛նչ։
Էլլան պատմում է, որ տնից հանել են միայն իրեն, իսկ մայրը իր կողքին լինելու համար է դուրս եկել․ «Ուղղակի տատին տենց որոշեց, որ իրա տունն ա, ու ես պիտի պարտադիր թողնեմ գնամ։ Բայց լավ տատիկ ա եղել ինքը, ուղղակի ինֆորմացիայի պակասից մարդիկ մտածում են թե մենք էսպիսին ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ։ Դրա համար էլ չեն ընդունում։» Իսկ տիկին Սարան պատմում է, որ հիմա, չնայած նրան, որ արդեն վեց տարի Էլլայի հետ տնից հեռու են ապրում, բայց ամեն անգամ մորն այցելելիս վերջինս իր օրվա եփած ճաշից Էլլայի համար էլ է ուղարկում։ «Էսօր ամենակարևոր առանցքն ինձ համար մաման ա, ինքը եթե կողքս ա, ուրեմն մնացածից չեմ նեղվում»,- ասում է Էլլան։
Ընդհանրապես, վերջին վեց տարիները դժվար են եղել վերոնշյալ պայմաններում ապրող, առանց աշխատանքի մնացած ու հասարակության կողմից հաճախ քարկոծվող Էլլայի ու տիկին Սարայի համար։ Նրանք սպասում են այն օրվան, երբ Էլլայի սեռափոխության վիրահատություններն իրականացնելու հնարավորություն կունենան։ Մինչ այդ, սակայն, գենդերային ինքնության հիմքով պայմանավորված խտրականության պատճառով Էլլան արդեն տարիներ շարունակ չի կարողանում ամենահասարակ աշխատանքը գտնել։ Ոտքով Ռայկոմից մինչև Կենտրոն ու Երրորդ մաս քայլել ու սրճարաններում ռեզյումեներ է թողել, բենզալցակայաններ է դիմել, նույնիսկ Սանիտեկ։ Ապարդյուն։ Այդպես էլ չեն զանգել։
Իսկ իմ հարցին, թե ստեղծված իրավիճակում հնարավորության դեպքում ինչ կփոխեր, տիկին Սարան պատասխանում է․ «Կփոխեի մարդկանց մտածելակերպը, խտրականությունը կփոխեի, որ գոնե մի քիչ չանտեսեին։ Էսօր ծնողներ կան, ովքեր իրենց երեխաներին հանում են դուրս, փողոցում են թողնում։ Խղճում եմ էդ երեխաներին։ Ես երբեք չեմ պատկերացնում մայր, ում երեխան էս կարգավիճակում է ու ինքը հրաժարվում է իր երեխայից։ Ես քանի ապրում եմ էդպես չեմ անելու, ու ում դուրը չի գալիս, թող ինձ հետ գործ չունենա։ Բոլոր իրա նման էրեխեքի մասին ա խոսքը։ Կուզեմ մի ծրագիր լինի, որի շրջանակում բոլոր նման կարգավիճակում գտնվող մայրերս հավաքվենք մի սեղանի շուրջ ու ուղղակի մեկս մյուսի դեմքին նայենք, հասկանանք՝ ով ինչ ա մտածում, ով ումից ինչ ա ուզում․․․ Ավելի լավ չի՞ լինի, եթե մայրն իր երեխայի կողքը լինի, հասկանա իր երեխային․․․ Ես էլ ջղայնանում էի, բորբոքվում էի, չէի հասկանում, բայց ի վերջո գլուխս դնում էի բարձին ու մտածում էի, թե ինչքան կարամ էս երեխու «ներվերը սղոցել»։ Փոխվելու՞ ա։ Իհարկե՝ չէ։ Չի փոխվելու։ Ես եմ ծնել էս էրեխուն․ սենց ա ծնվել։ Անյա ջան, ես ոնց որ մարտի դաշտում զինվոր եմ եղել․ անընդհատ պիտի նենց անեի, որ կրակոցները մեզ չկպնեն։ Բայց միայն մեռնելուց կարող ա իրենից հրաժարվեմ։ Միայն էն ժամանակ, երբ արդեն գոյություն չեմ ունենա։ Իսկ մինչ այդ իր կողքին եմ լինելու։»
Անյա Հայրապետյան
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: