ԼԳԲՏԻ անձանց առողջության իրավունքը Հայաստանում
Թերևս ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ինչպես մի շարք զարգացող երկրներում, այնպես էլ Հայաստանում, ԼԳԲՏԻ համայնքը խոցելի խումբ է հանդիսանում, իսկ խոցելի խմբերն արտակարգ իրավիճակներում կրկնակի խոցելի են դառնում: Պատմականորեն, առողջապահական ծառայությունները մեր երկրում ոչ արտակարգ, ոչ էլ անգամ միանգամայն «կարգին» իրավիճակներում բավականաչափ հասանելի չեն եղել ԼԳԲՏԻ համայնքի համար: Դե իսկ երբ հարցը վերաբերում է հետխորհրդային երկրներում դեռևս տաբու համարվող թեմաներին (օրինակ՝ սեռական առողջություն, գինեկոլոգիական/սեքսոլոգիական խնդիիրներ), անգամ այսպես կոչված «ավանդական» կողմնորոշման մարդիկ են հաճախ խուսափում բժշկի դիմելուց, ուր մնաց ԼԳԲՏԻ համայնքը, որը տարիներ շարունակ անթաքույց ատելության և խտրականության զոհ է եղել: Փաստորեն, դարը փոխվել է, իսկ մենք՝ այնքան էլ չէ:
Մեր զրուցակից բժիշկներից մեկը (վերջինիս խնդրանքով՝ անունը չենք նշում) անընդունելի է համարում խտրականության դրսևորումները հատկապես բժիշկների կողմից. «Դա ուղղակիորեն հակասում է Հիպոկրատի երդմանը: Բժշկի համար ո՛չ ազգություն կա, ո՛չ մաշկի գույն, ո՛չ սեռական կողմնորոշում: Բոլոր պացիենտները հավասար են, և մենք պարտավոր ենք պատշաճ սպասարկել բոլորին՝ հավատարիմ մնալով բժշկի առաքելությանը»:
Ցավոք, այս սկզբունքով առաջնորդվող նվիրյալների կողքին կան նաև ոչ միայն նեղ մասնագիտական պրոֆեսիոնալիզմից, այլև տարրական բժշկական էթիկայից մղոններով հեռու վայ-բժիշկներ: Անդրադառնալով այս ցավոտ հարցին՝ փաստաբան Անահիտ Մկրտչյանը նշում է, որ իր մասնագիտական պրակտիկայում գրանցվել են դեպքեր, երբ անգամ շտապօգնության աշխատակիցներն են հրաժարվել առաջին օգնություն ցուցաբերել իրենց դիմած պացիենտին զուտ այն պատճառով, որ վերջինս ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչ է եղել: Սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը կարծում է, որ խնդիրը խորքային է և պահանջում է համալիր լուծում, այսինքն՝ թե՛ իրազեկության/կրթական ցենզի բարձրացում, թե՛ իրավական դաշտի բարելավում: Այսպիսով, նախևառաջ անհրաժեշտ են կրթական ոլորտի բարեփոխումներ. Բժշկական համալսարանում ապագա բժիշկները պետք է ոչ թե պարզապես ծանոթանան, այլ հիմնովին յուրացնեն բժշկագիտական էթիկա առարկան: Մինչդեռ պրն. Ղարիբյանի խոսքերով՝ հենց նույն համալսարանի էթիկայի հանձնաժողովին ժամանակին անդամակցել է մի հոմոֆոբ դասախոս, ում վստահվել էր էթիկա դասավանդելու պարտականությունը, չնայած որ վերջինս կարող էր իրեն վստահված ամբիոնն օգտագործել ԼԳԲՏԻ անձանց դեմ բռնություն քարոզելու համար: Ուստի զարմանալի չէ, որ ներկայումս հիվանդանոցներում կարող են հանդիպել բուժաշխատողներ, ում համար մասնագիտական էթիկան այնքան խորթ է, որ նրանք չեն խորշում անգամ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելուց:
ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչ Հակոբը (անունը փոխված է) բարձրաձայնում է առողջապահական համակարգում առկա խտրական վերաբերմունքի մասին, որը նա զգացել է սեփական մաշկի վրա։ Նրա խոսքերով բժշկական կենտրոնում իրեն մերժել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվություն տրամադրել։ Բժիշկը Հակոբին վիրավորել է՝ ասելով թե նույնասեռական անձինք ոչ մի իրավունք չունեն, իսկ ինքն ավելի կարևոր գործեր ունի քան նույնասեռականին լսելը։ Երբ Հակոբը պնդել է, որ օրենքով սահմանված կարգով իրեն անհապաղ տրամադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը, բժիշկն ասել է, թե ժամանակ չունի: Նման մոտեցման հետևանքով շատ նույնասեռական անձինք առհասարակ խուսափում են բժշկական օգնության դիմելուց:
Հաճախ գրանցվում են նաև այնպիսի դեպքեր, երբ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ անթաքույց խտրականությանը փոխարինելու է գալիս ցրողական մոտեցումը: Անդրոնիս Ղարիբյանը նշում է, որ որոշ դեպքերում մասնագիտական տարբեր շրջանակների (բժիշկներ, իրավաբաններ) կողմից ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ դրսևորվող խուսափողական մոտեցումը սերում է ոչ թե հոմոֆոբիայից, այլ ԼԳԲՏԻ անձանց հետ նույնացվելու մտավախությունից: Սեքսապաթոլոգը շեշտում է, որ եթե այս կամ այն մասնագետը չի խորշում համայնքի ներկայացուցիչների հետ աշխատելուց, հասարակության որոշ շերտեր հաճախորդի/պացիենտի կողմնորոշումը վերագրում են նաև վերջինիս սպասարկող մասնագետին: Անշուշտ, սա ոչ միայն անհեթեթ, այլև միամիտ եզրահանգում է:
ԼԳԲՏԻ անձանց առողջապահական իրավունքի լիարժեք իրացմանը խոչընդոտում են նաև օրենսդրական բացերը: Սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը և փաստաբան Անահիտ Մկրտչյանը կիսում են այն մտահոգությունը, որ առանց հիմնավոր պատճառի բուժօգնություն տրամադրելուց հրաժարվելը հիմնականում անհետևանք է մնում բժիշկների համար: Քանի որ մեծ հաշվով չկան լուրջ նախադեպեր, երբ բժիշկը պատասխանատվության է ենթարկվում մասնագիտական պարտականությունները չկատարելու համար, շատ մասնագետների շրջանում «ցրողական» մոտեցումը դառնում է գործելաոճ: Գոյություն ունեցող մի շարք օրենքների (Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի, ՀՀ քրեական օրենսգիրք) ոչ լիարժեք կիրառումը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, որում բժիշկը կարող է սեփական հայեցողությամբ որոշել՝ ում սպասարկի, ում՝ ոչ:
Անահիտ Մկրտչյանը օրենսդրաիրավական բացերի թվում նշում է նաև այն հանգամանքը, որ նույնասեռականությունը պաշտոնապես հոգեկան խանգարում է համարվում Հայաստանում՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս 1990թ․-ի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայմամբ նույնասեռականությունը հանվել է հոգեկան խանգարումների ցանկից և տեղափոխվել գենդերային անհարմարությունների բաժին: Օրենսդրական կարգավորում պահանջող մյուս հարցն էլ այն է, որ նույնասեռականների համար գործում է արյան դոնորության անժամկետ արգելք, այսինքն՝ վերջիններս իրավունք չունեն արյուն նվիրաբերել անգամ իրենց հարազատին փրկելու համար: Պատճառն այն է, որ 2013 թ.-ին ուժի մեջ մտած «Արյունը կամ դրա բաղադրամասերը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը և դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի 2-րդ հավելվածի 1-ին հոդվածի 15-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ բացի դոնացիան բացառող մշտական հակացուցումներից՝ արյունատվության բացառման համար հիմք է հանդիսանում նաև որոշ ռիսկային խմբերի պատկանելությունը, և վերոնշյալ հրամանի համատեքստում նույնասեռականները դասվում են «ռիսկային» խմբին: Ընդ որում, հրամանում կիրառվում է ոչ թե «նույնասեռական», այլ «արվամոլ» եզրույթը, ինչն ինքնին խտրականության վերբալ դրսևորում է:
Իրավաբան Շուշան Խնկոյանն ընդգծում է, որ իրավական կարգավորում պահանջող կարևորագույն խնդիրներից է նաև տրանս անձանց սեռափոխությունը. «ՀՀ-ում բաց է սեռափոխության ոլորտը. որևէ օրենքում նշված չէ սեռափոխության վիրահատության մասին։ Ներկայումս ՔԿԱԳ ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու համար ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով բժշկական կազմակերպության կողմից տրված սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթղթի ներկայացման դեպքում։ Եվ քանի որ ՀՀ-ում սեռափոխության վիրատահություններ չեն կարող կատարել, ուստի տրանս անձինք երբեմն ստիպված են լինում վիրահատություն կատարել ՀՀ-ից դուրս՝ այն երկրներում, որոնցում դա օրինական է»։ Խնկոյանը խոսքը եզրափակում է՝ նշելով, որ ԼԳԲՏ անձանց շրջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ փոփոխություններ մտցնելով վերոնշյալ և մի շարք այլ օրենքներում և իրավական ակտերում։
Լրացնելով վերոնշյալ պնդումը՝ փաստաբան Անահիտ Մկրտչյանը արտահայտում է այն համոզմունքը, որ Իրավահավասարության ապահովման մասին համապարփակ օրենքի ընդունումը և պատշաճ կիրառումը կնպաստի ԼԳԲՏԻ անձանց մի շարք իրավունքների, այդ թվում՝ առողջապահական իրավունքի պահպանմանը: Ու թեպետ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրով նախատեսվում էր օրենքն ընդունել 2020թ․-ի առաջին կիսամյակում, առաջին կիսամյակն արդեն ավարտվել է, իսկ սայլն այդպես էլ տեղից չի շարժվում:
Այսպիսով, ամփոփելով հնչած տեսակետները՝ կարելի է եզրակացնել, որ սեռափոխության օրենքի ընդունումը, արյան դոնորության մասով խտրական սահմանափակման վերացմումը, ինչպես նաև բուժաշխատողների շրջանում խարանի և խտրականության արգելքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը դասընթացների/վերապատրաստումների միջոցով կարող են էական առաջընթաց ապահովել ԼԳԲՏԻ անձանց առողջապահական իրավունքի իրականացման ասպարեզում:
Հեղինակ՝ Կ. Ա.
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: