ԱՊԱՀՈՎ ՏԱՐԱԾՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ
Արփի Հակոբյանը (անունը փոխված է) նախկին սեքս աշխատող է, որը կորցրել է իր ֆինանսական եկամտի աղբյուրը նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պատճառով։ Ծնողները տնից դուրս են արել նրան և ձեռքից վերցրել անձնագիրը։ Նա ոչ մի տեղ չուներ գնալու և ոչ մեկը չկար, ումից կկարողանար օգնություն խնդրել, մինչև ընկերներից մեկը խորհուրդ տվեց դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ։
Ապահով տարածքը, որը «Նոր Սերունդի» կողմից բացվել է 2020 թվականի հունիսին Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի կենտրոնում, եռահարկ շինություն է, որը ապաստարան է հանդիսանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, թիրախ խմբերի ներկայացուցիչների, ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար։
«Երբ կորոնավիրուսի համավարակը սկսեց, մենք անընդհատ զանգեր էինք ստանում, որ մարդիկ, լինելով թիրախ խմբերի ներկայացուցիչ կամ ՄԻԱՎ-ով ապրող անձինք, ենթարկվում են խտրականոթւյան, մնում են առանց աշխատանքի, առանց աջակցության, իսկ երբեմն էլ առանց տանիքի», — պատմում է Սերգեյ Գաբրիելյանը՝ կազմակերպության նախագահը։- «Հասարակության մեջ լայնորեն տարածված է, որ հենց այդ խմբերն են տարածում ոչ միայն ՄԻԱՎ-ը, այլև կորոնավիրուսը։ Դա է պատճառը, որ մարդիկ ազատվում են աշխատանքից կամ օտարվում են հասարակությունից։ Այս մարդիկ ոչ մի տեղից օգնություն ստանալու հնարավորություն չունեն և ընդգրկված չեն կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի շահառուների ցանկում»։
Ապահով տարածքի առաջին հյուրերից էր տիկին Հակոբյանը։ «Նոր Սերունդի»-ի իրավաբանը և հոգեբանը այցելեցին նրան, օգնեցին փոխել փաստաթղթերը և աշխատանք գտնել։
Ապահով տարածքում տեղ ստանալու համար շահառուներ են ուղղորդվում ՄԻԱՎ-ի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում աշխատող տեղական բոլոր կազմակերպություններից։
«Մենք, իհարկե, հյուրանոց չենք, իսկ այս ծրագիրը նախատեսված չէ մարդկանց երկար ժամանակով աջակցելու համար․ ապահով տարածքը միաժամանակ տեղավորում է 37 մարդու, իսկ պահանջարկը ահռելի մեծ է»,- ասում է պարոն Գաբրիելյանը։
Ապահով տարածքը ապագայում կվերածվի ՄԻԱՎ-ի ծառայությունների հատուկ կենտրոնի, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան թեստավորվելու, խորհրդատվություն ստանալու և անհրաժեշտության դեպքում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն ուղեգրվելու։ Թմրամիջոցներ օգտագործող անձինք, որոնք վնասի նվազեցման ծառայությունների կարիք ունեն, կուղղորդվեն մոտակա կազմակերպություն, որը տրամադրում է այդպիսի ծառայություններ։
Պարոն Գաբրիելյանը ասում է՝ երբ ակնհայտ դարձավ, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում դժվարություններ կարող է առաջացնել, «Նոր Սերունդի» աշխատակիցները որոշեցին անցնել ՄԻԱՎ-ի ծառայությունների տրամադրման նոր եղանակի՝ առցանց խորհրդատվություն, աութրիչ աշխատանքի իրականացում և առցանց պատվերի միջոցով թեստերի և կանխարգելիչ միջոցների տրամադրում։
«Մենք պնդեցինք, որ թիրախ խմբերին տրամադրվող ծառայությունները չպետք է դադարեն կորոնավիրուսի պատճառով, ընդհակառակը՝ մի համաճարակի հաղթահարումը չպետք է լինի ՁԻԱՀ-ի համաճարակի բռնկման պատճառ», — ավելացրեց նա։
Ապահով տարածքի ծրագիրը իրականացվում է Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ։ Բանակցություններ են տարվում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի և UNAIDS-ի հետ ծառայության ապագայի վերաբերյալ։
«Կորոնավիրուսը ստիպեց մեզ հասկանալ՝ ինչ նոր գաղափարներ կարող են ներառվել ՄԻԱՎ-ի ծառայությունների ծրագրում։ Այս հատուկ պայմաններն էին, որ ստիպեցին մեզ առաջ շարժվել և նոր ճանապարհներ գտնել՝ ճգնաժամի օրերին մարդկանց աջակցելու համար», — եզրափակեց պարոն Գաբրիելյանը։
Նյութի սկզբնաղբյուրը՝ հետևյալ հղումով։