ԳԵՅ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԱՍ 4․

Կարդացեք երրորդ մասն այստեղ

 

Հանրապետության և նույնիսկ քաղաքի տարբեր շրջաներով պայմանավորված՝ մասնակիորեն փոխվում է նաև մարդկանց վերաբերմունքի շրջանակը այս կամ այն թեմայի վերաբերյալ: 

 

Կարենը (անունն իր կամքով փոխված է) գնացքով Գյումրիից գալիս է Երևան, Գյումրի ընկերոջը տեսության էր գնացել, իսկ գործողությունները այնտեղ մի փոքր այլ ընթացք էին ստացել:

 

«Քաղաքի ոչ կենտրոնական հատվածում սովորական նստած էինք, երևի մեր հագուստն էր մի քիչ անսովոր իրենց համար, երբ մի մարդ մոտեցավ մեզ, սկսեց  վիրավորել՝ հայհոյում էր ու մեղադրում Գյումրի վատ բաներ բերելու մեջ: Որոշեցինք ուղղակի հեռանալ, ինքը շարունակում էր մեզ հետապնդել՝ ընթացքում էլ սպառնալով, որ բոլորին պատմելու է՝ մենք ով ենք ու, եթե ճանապարհին իր ծանոթին չհանդիպեր, մեր հետևից գալու էր: Սրա մասին մենք պատմեցինք ընկերոջս ծնողներին, որպեսզի լսելու դեպքում չհավատան, բայց ես հիմա շատ անհանգստացած եմ իր համար»,- կատարվածը պատմում է Կարենը:

 

Իսկ ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանում ապրելուն, ինքը այստեղ իրեն հարմարավետ է զգում, չնայած, իր խոսքով, գուցե նրանից է, որ ապրում է Երևանի կենտրոնում և չի բացառում, որ ավելի ծայրամասային հատվածներում բնակվող ԼԳԲՏ համայնքի անդամների համար այնքան էլ հեշտ չէ։

 

«Այնուամենայնիվ, առաջընթաց ես տեսնում եմ․ թեկուզ այն, որ Գյումրիում կատարվածը քիչ է հավանական, որ Երևանում տեղի կունենար այսօր, արդեն վկայում է որոշակի փոփոխության մասին»,-ասում է Կարենը։

 

19-ամյա Սարգիսի դեպքը կարելի է համարել եզակիներից: Նա դաշնակահար-կոմպոզիտոր է, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջն է ավարտել ու դեռ ուսանողական տարիքից արդեն իր մոտ պարապող ուսանողներ է ունեցել: Հարցին՝ ինչ է կարծում՝ կշարունակեին իր մոտ պարապել ուսանողները, եթե իմանային, որ նա նույնասեռական է, մի քանի վայրկյան մտածելուց հետո ասում է՝ չէ, միանշանակ, չէ:

 

Սարգիսը իր կողմնորոշման պատճառով ո՛չ քոլեջում և ո՛չ որևէ այլ տեղ երբևէ խնդիրներ չի ունեցել, իր խոսքով՝ բոլորը նրան այնտեղ ճանաչել են իբրև ֆանտաստիկ լավ նվագող, բայց քչերի հետ շփվող տղա։

 

«Քոլեջում ես ոչ ասում էի՝ գեյ եմ, ոչ էլ հատուկ թաքցնում էի։ Իրականում արվեստագետների շրջանում մարդիկ մի քիչ այլ վերաբերմունք ունեն, ու դա շատ լավ է։ Բայց, եթե ինչ, ես շատ լավ ընկերներ եմ ունեցել այնտեղ, ովքեր հաստատ ցանկացած դեպքում մինչև վերջ իմ կողքին էին լինելու, ու նրանց բացարձակ մեծամասնությունն էլ հետերոսեքսուալ էր»,-ասում է նա:

 

Նախքան ընտանիքի հետ խոսելը Սարգիսը երկար ժամանակ ծնողներին պատրաստել է այդ լուրին ու ինքն էլ իր հերթին պատրաստվել, որ իրեն տանից դուրս են անելու, բայց ի պատասխան՝ ստացել ցնցող մի ապտակ:

 

«Ասեցի, վեջացրի ու հարցնում եմ՝ մամ, բա հիմա ինձ տանից դուրս չե՞ք անելու, մաման էլ մի հատ էնպես ապտակեց, իբր՝ ի՞նչ ես խոսում, դու մեր տղան ես ու մեր հետ պիտի մնաս: Չեք պատկերացնի՝ ինչ լավ է, երբ ծնողիդ աջակցությունը ու վստահությունը կա: Ես վստահ եմ, որ մայրս իմանա՝ մեկին տանից հանել են գեյ լինելու համար, կասի՝ արի մեր տանը մնա»,-պատմում է Սարգիսը:

 

Ինչ վերաբերում է հետագա կյանքին, ինքը վստահ է՝ երբևէ այլ տեղ չի գնալու, իր հայրենիքը Հայաստանն  է, ու մյուսներին ևս կոչ է անում մնալ այստեղ, իրենց ձայնը լսելի դարձնել ու ցույց տալ, որ իրենք ևս գոյություն ունեն. «Իսկ բանակ չգնացի զուտ այն պատճառով, որ իմ անվտանգությունը չէին կարող ապահովել, հակառակ դեպքում սա նույնքան էլ իմ հայրենիքն է, որի պաշտպանության համար ծառայելուց ես բնավ չեմ խուսափում»,-ասում է Սարգիսը:

 

Ներկայացված պատմությունները, որքան էլ թվան միմյանցից տարբեր, դրանցում եղած ընդհանրությունները ակնհայտ են, իսկ պահանջը՝ չխտրականացնել մարդկանց և ոչ մի հատկանիշով, չդրդել ոչ ոքի մեկուսանալ և զգալ ոչ լիարժեք: Խրախուսել միմյանց լինել ազատ, գործել համարձակ և գիտակցել, որ  խտրականության և ոչ մի դրսևորում որևէ լավ բանի չի հանգեցնում, փոխարենը մասնատում և բաժանում է հասարակությանը։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանի խոսքով հատկանշական է այն, որ ՀՀ-ում խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն դեռևս չկա: Եվ չնայած ՀՀ Սահմանադրությամբ և մի քանի իրավական ակտերով մասնակի նախատեսվում է խտրականության արգելքը, սակայն բացակայում են «խտրականություն» հասկացության սահմանումն ու դրանից պաշտպանվելու իրավական մեխանիզմները:

 

«Այս պարագայում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկված անձանց մնում է քաղաքացիաիրավական պաշտպանության մեթոդով դիմել դատարան` վիրավորանքի և զրպարտության համար կամ, եթե առկա է բռնություն, ֆիզիկական վնասվածքներ, ոստիկանություն քրեական գործ հարուցելու համար: Սակայն նշված բոլոր դեպքերում էլ անդրադարձ չի կատարվի խտրականության առկայությանը, քանի որ առկա չեն այնպիսի իրավակարգավորումներ, որոնց հղում կտան իրավապահ մարմինները»,-ասում է Անահիտ Մկրտչյանը և հավելում, որ արդեն նախագծի տեսքով առկա «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի ընդունումը խտրականության կանխարգելման գործընթացում կընձեռի նոր հնարավորություններ:

 

ՎԵՐՋ

 

Ռիմա Գրիգորյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: