ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ – ԽԹԱՆԵԼՈՎ ԹՆՕ-ԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) մեկնարկել է «Խթանելով թիրախ խմբերի ակտիվ մասնակցությունը հանուն առաջնորդության  և զարգացման» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խրախուսել թիրախ խմբերի մասնակցությունը Հայաստանում բյուջետային ադվոկացիայի գործընթացներում։ Ծրագրի շահառու խմբերն են ՏՍՏ և տրանս* անձինք, ՄԻԱՎ-ով ապրող կանայք, թմրամիջոցներ ներարկային օգտագործողները։

 

2020 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ առցանց դասընթացը ԹՆՕ ակտիվիստների շրջանում։ Դասընթացը միտված էր համայնքի ակտիվիստների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, առաջնորդության զարգացմանը, որպեսզի նրանք հետագայում կարողանան զբաղվել բյուջետային ադվոկացիայով։ Դասընթացի մասնակիցները հետագայում կհրավիրվեն Բյուջետային ադվոկացիա թեմայով դասընթացի։

 

Առցանց դասընթացի բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Հմայակ Ավետիսյանը, որը ներկայացրեց ծրագրի էությունը, նպատակը, թիրախ խմբերը, ինչպես նաև ծրագրով նախատեսված գործողությունները։

 

Դասընթացի բացման խոսքով հանդես եկավ Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ծրագրերի համակարգման փոխտնօրեն Ելենա Գերմանը։

 

Ողջունելով մասնակիցներին՝ վերջինս շնորհակալություն հայտնեց համախմբման միջոցառումներ կազմակերպելու համար, ապա ներկայացրեց ծրագրով նախատեսված աշխատանքները, COVID-19-ով պայմանավորված խոչընդոտները, հույս հայտնեց, որ շուտով կկարողանա Երևանում հանդիպել համայնքների ներկայացուցիչների հետ։

 

Ողջույնի և ներկայացման խոսքերից հետո ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ վարակը և թեստավորման կարևորությունը թեման։ Դասընթացավար-փորձագետը խոսեց ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների, ՄԻԱՎ թեստավորման եղանակների, ինչպես նաև ՄԻԱՎ-ի ոլորտում այլ երկրների հաջողված փորձի մասին։

 

Դասընթացի երկրորդ հատվածը նվիրված էր ՄԻԱՎ վարակը և ՀՀ օրենսդրությունը թեմային։ ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեց թեման իր բոլոր կոմպոնենտներով, անդրադարձավ պետության լիազորություններին, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներին, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայություններին, ֆինանսավորմանը։

 

Առցանց դասընթացը անցավ ջերմ մթնոլորտում, մասնակիցները հնարավորություն ստացան հարցեր տալու և լիարժեք պատասխաններ ստանալու, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին՝ բյուջետային ադվոկացիայի գործնթացի մասը կազմելու։