Գեյ անձանց կյանքը Հայաստանում։ Մաս 1
Արտակի հետ ավելի վաղ կապվել չստացվեց. ոստիկանությունում էր, քիչ առաջ է դուրս եկել ու տուն է գնում: Առերեսման առաջին օրն էր այն չորս տղաների հետ, որոնցից մեկը նախորդ տարի ամռանը Հանրապետության հրապարակից ոչ հեռու դանակով հարվածեց Արտակի թիկունքին, ու մինչև մարդիկ կհավաքվեին, փախավ, ինչպես անում են միշտ:
«Արտասահմանից նոր էի եկել ու առաջին անգամ հանդիպում էի ընկերներիս, շոգ օր էր, ես գլխարկով էի, բայց տակից երկար մազերս երևում էին, ընկերոջս մազերը նույնպես երկար էին ու դեղին ներկած: Կանգնած խոսում էինք, ու կողքներովս մի քանի տղա անցան, մի տեսակ նայեցին ու ոչ հաճելի բաներ ասացին՝ մեր սանրվածքի հետ կապված: Ես զգացի, որ իրանց պահվածքը ադեկվատ չի, որովհետև դեռ հեռվից իրանց բարձր, տարօրինակ ծիծաղը լսվում էր, էդպես մի երկու բան ասացինք ու մտանք ՎիվաՍել*՝ մեր գործով զբաղվելու: Իմ հետևից տղաներից մեկը ինձ դուրս է կանչում․ իբր բան կա խոսալու։ Ես դուրս եմ գալիս թե չէ, սրանք սկսում են խփել, ընկերներս են խառնվում, իրենք էլ են մի քանի հարված ստանում, ու հենց մարդիկ հավաքվում են, իրենք փախչում են։ Էդ ընթացքում ես սուր ծակոց եմ զգում, ձեռքս տանում եմ ուսիս ու տեսնում, որ արնահոսում եմ:Ու այս ամենը միայն սանրվածքի պատճառով»,- պատմում է Արտակը:
Կատարվածը որպես այդպիսին առաջին անգամն էր, բայց արտաքինի և սեռական կողմնորոշման՝ այն է՝ նույնասեռական լինելու պատճառով խտրականությանը նա բնավ անծանոթ չէ:
«Որտեղ ուզում էի աշխատանքի ընդունվել, ասում էին մազերդ կտրի, ես էլ ասում էի՝ հաջողություն: Մի տեղ ի վերջո հաջողվեց. Լոֆթ ռում սրճարան ընդունվեցի որպես մատուցող, բայց էլի մազերիս հոժար չէին, ուղղակի աշխատողի կարիք շատ ունեին՝ վերցրին»,-ասում է Արտակը:
Երկար փնտրտուքից հետո, որոշեց, որ ինքը պիտի դառնա իր սեփական գործատուն և հիմնեց խաղաղաշինական իր ՀԿ-ն՝ նպատակ ունենալով կապեր ստեղծել Հայաստանում փոքրամասնություն կազմող խմբերի միջև:
Մի քանի տարուց Արտակը իրեն տեսնում է արդեն որպես կայացած փաստաբան ու կրկին ակտիվորեն մարդու իրավունքերի պաշտպանությամբ զբաղվելիս, ինչի համար լավ կրթություն է անհրաժեշտ, որը, սակայն, հեշտ չի տրվում:
«Ո՞րն ասեմ, որ քոլեջում ( Երևանի տարածաշրջանային հ. 2 պետական քոլեջն էր) երրորդ կուրսում ոչ մեկը կողքս չէր նստում, թե՞ որ ամբողջ դասին մազերս էին քննարկում կամ հիմա, որ գնում եմ համալսարան, ու՞մ ա հաճելի ծաղրանքներ լսելը, դրա համար էլ գերադասում եմ հազվադեպ գնալ»,-ասում է Արտակը:
Բանակային ծառայության նա չի մեկնել, ազատվել է. «Վերջին բժշկական փորձաքննությունն էր, ներս եմ մտնում, բարձրաստիճան մի սպա դեմքիս ա շպրտում գործերիս թղթապանակը ու սկսում հայհոյել ինձ, ծնողներիս, մինչև մտնելն էլ լսում էի՝ ոնց են խոսքի մեջ ինձ «գոմիկ» անվանում։ Էդ սպան ինձ ասում ա, որ ինքը վստահ էր, որ իր քաղաքից «ըտենցը» չի լինելու: Իհարկե, ես հետո դիմեցի ոստիկանություն և Գլխավոր դատախազություն, ու էդ մարդը ազատվեց իր պաշտոնից: Բայց հետո գործը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով, չնայած սենյակում մոտ 15 հոգի նստած մարդ կար: Դրանից հետո բողոքարկեցի ռազմական ոստիկանություն, էնտեղ էլ մերժվելուց հետո՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ու պատրաստ եմ հարկ եղած դեպքում մինչև ՄԻԵԴ էլ հասնել»,-ասում է Արտակը:
Նա իր պատմությամբ միակը չէ, ու, եթե գրվելու լինեն, կգրվեն բազմաթիվ միմյանցից տարբեր պատմություններ, բոլորի առանցքում էլ անհանդուրժողականությունը ու դրանից բխող այլևայլ հետևանքները, որոնք գալիս են հաստատելու, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը ոչ միշտ է միանշանակ, և ավելի հաճախ այն ընդգծված բացասական է:
Կարդացեք երկրորդ մասն այստեղ
Ռիմա Գրիգորյան
*ՎիվաՍել-բջջային օպերատոր Հայաստանում
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: