ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎԵԼ Է ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԿ-ԻՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի դիմումի հիման վրա 2020թ․-ի ապրիլի 29-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է զննում։
Արդյունքում պարզ է դարձել, որ․
1․ Ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ 2020թ․-ի մարտի 16-ին, ժամը 11։00-ի սահմաններում Ընկերություն դիմած Ռ․ Խ․-ին պրոկտոլոգիական 1-ին բաժանմունքում մատուցվել է բժշկական օգնություն և սպասարկում՝ առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված փաստաթղթերի լրացման և վարման պահանջների պահպանման։
2․ Ընդունարանում լրացվող, վարվող և շրջանառվող բժշկական փաստաթղթերում բացակայում են գրառումները Ընկերություն դիմած վարակիչ հիվանդության կասկածով պացիենտի բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները և համապատասխան բժիշկ մասնագետի խորհրդատվությունն ընդունարանի մեկուսարանում իրականացնելու մասին, որով խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
3․ Ընկերության Ընդունարանում չի իրականացվել Պացիենտի ընդունումը, հաշվառումը, զննումը համապատասխան բժիշկ մասնագետների կողմից և Պացիենտի հիվանդանոցային (ստացիոնար) բուժման որոշման կայացումը, սահմանված բժշկական փաստաթղթերի ձևակերպումը, որով խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Ելնելով վերոգրյալից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արմեն Չարչյանի,
ԿԱՐԳԱԴՐԵԼ Է
Կարգադրագիրը ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19․3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ առողջապահության նախարարի 2014թ․-ի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի, ՀՀ առողջապահության նախարարի 2007թ․-ի նոյեմբերի 26-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի, նորածնի փոխանակման քարտի և նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերը հաստատելու մասին» N 1752-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի, ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․-ի հոկտեմբերի 18-ի «Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» N 44-Ն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները։
«Խտրականության դրսևորումն աընդունելի է, հատկապես եթե այն դրսևորվում է առողջապահական հաստատությունների աշխատակիցների կողմից։ Խտրականության կանխարգելումը բարդ և աշխատատար գործընթաց է, որին իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր ամենօրյա գործունեությամբ», — նշում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։