UNAIDS-ը կոչ է անում կառավարություններին դադարեցնել ԼԳԲՏԻ անձանց կամայական ԵՎ խտրական ձերբակալությունները ԵՎ պաշտպանել նրանց մարդու իրավունքները

ԺՆԵՎ, ՄԱՅԻՍԻ 15, 2020— Հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOBIT)՝ մայիսի 17-ին, UNAIDS-ը կոչ է անում կառավարություններին անմիջապես դադարեցնել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց կամայական և խտրական ձերբակալությունները իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով և ընդունել օրենքներ՝ պաշտպանելու նրանց մարդու իրավունքները։

 

COVID-19-ի համավարակի հայտարարումից սկսած՝  լուրեր են տարածվել, որ տրանսգենդեր մարդիկ են սպանվել Պուերտո Ռիկոյում, ԼԳԲՏԻ անձինք են ձերբակալվել Եգիպտոսում, Տանզանիայի Հանրապետությունում  և Ուգանդայում, բռնության և ոտնձգության դեպքերը աճել են Կամերունում և Կորեայի Հանրապետությունում։

 

«Պետք է դադարեցնել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ կամայական և խտրական ձերբակալությունները և ոտնձգությունները, — ասում է Ուինի Բյանյիման, UNAIDS-ի գործադիր տնօրենը։ — COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը բացահայտեց և սրեց այն անհավասարությունը, բռնությունը և ոտնձգությունները, որոնց ամեն օր բախվում են ԼԳԲՏԻ անձինք: Մենք պետք է կոտրենք լռությունը այդ կտրուկ օրենքների դեմ, որոնք միայն ծառայում են մարդկանց հետագա մարգինալացման համար»:

 

2019-ի դեկտեմբերի տվյալներով՝ 70 երկրներ քրեականացնում են նույնասեռ վարքագիծը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Կայուն զարգացման 2030-ի օրակարգով՝ կառավարությունները կրում են բարոյական և օրինական պարտավորություն՝ չեղարկելու այդ օրենքները և ընդունել նորերը, որոնք պաշտպանում են մարդկանց խտրականությունից։

 

Մի քանի շաբաթ առաջ UNAIDS-ը և MPact-ը (Նույնասեռական տղամարդկանց առողջությանը և իրավունքներին ուղղված գլոբալ գործողություն) թողարկեցին 12-կետանոց նախագիծ՝ բարձրացնելու ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների հարցը և ապահովելու նրանց ներառականությունը COVID-19-ի հակազդման ռազմավարություններում։

 

Ամբողջ աշխարհում գեյերի և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (ՏՍՏ) ՄԻԱՎ-ով ապրելու հավանականությունը 27 անգամ ավելի շատ է, քան հիմնական բնակչությանը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 2017 թվականին ամբողջ աշխարհում  գեյ և ՏՍՏ անձինք կազմում են ՄԻԱՎ նոր դեպքերի մոտավորապես 18 տոկոսը։ Մինչդեռ տրանսգենդեր կանանց ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը 12 անգամ ավելի բարձր է, քան վերարտադրողական տարիքի ցանկացած անձի։ Ըստ հաշվարկների՝ աշխարհի ամբողջ բնակչության 0․1-1․1 տոկոսը տրանսգենդեր անձինք են, իսկ տրանսգենդեր կանանց 16․5 տոկոսը ապրում է ՄԻԱՎ-ով։

 

IDAHOT –ը՝ սեռական և գենդերային բազմազանությունների համաշխարհային տոնակատարությունը, այս տարի որպես կարգախոս ընտրել է Կոտրելով լռությունը՝ նշելու այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1990 թվականին հանեց հոմոսեքսուալությունը հոգեկան հիվանդությունների դասակարգումից։

 

Օրը ներկայացնում է ամենամյա գլոբալ իրադարձություն, որի նպատակն է հրավիրել որոշում կայացնողների, մեդիայի, հանրության, կազմակերպությունների կարծիք ձևավորողների և տեղական իշխանությունների ուշադրությունը այն անհանգստացնող իրավիճակին, որին առերեսվում են տարբեր սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություններ և արտահայտում, սեռական առանձնահատկություններ ունեցող անձինք։

 

«Մենք համերաշխության կարիք ունենք, որ փրկենք կյանքեր, կառուցենք առողջ համայնքներ և հասարակություն, որպեսզի կարողանանք հակազդել ՄԻԱՎ-ին, COVID-19-ին և գալիք համավարակներին»,- ավելացնում է Բյանյիման։

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ հետևյալ հղումով։