ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ի ՆՊԱՍՏ ՄԻԱՎ-ի ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

2018թ․-ի օգոստոսից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է ՏՍՏ, ԼԳԲՏԻ անձանց, ԿՍԿ-ների ու ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է  Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի կողմից։

 

Ծրագրի շրջանակներում իրականացվում է աութրիչ աշխատանք ՀՀ 8 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ։ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում վերապատրաստում անցած խորհրդատուները ՏՍՏ-ների, ԼԳԲՏ անձանց, ԿՍԿ-ների և ԹՆՕ-ների շրջանում իրականացնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտություն, տրամադրում են կանխարգելիչ և կրթատեղեկատվական նյութեր, դրական դեպքերի ժամանակ ուղղորդում են ՁԻԱՀ-ի ԿՀԿ։

 

Տվյալ գործունեության առավել արդյունավետ իրականացման համար համագործակցություն է հաստատվել «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության և մարզային հասարակական կազմակերպությունների ու բուժհաստատությունների հետ՝  ծրագրի շահառու խմբերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և թեստավորման, շահառու խմբերի հետ հանդիպում-քննարկումների համար տարածքի հատկացման համար։

 

Տվյալ համատեքստում սերտ համագործակցություն է հաստատվել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ, որի շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվել է տեխնիկական աջակցություն՝ դյուրակիր համակարգիչ՝ ՀՀ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների հասանելիության ապահովմանը ու ՄԻԱՎ-ի կանխարգելմանը պատրաստակամորեն աջակցելու համար, ինչպես նաև այդ հաստատության՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարին ուղղված գործունեության առավել արդյունավետ կազմակերպման կարողությունները զարգացնելու նպատակով։

 

Ծրագիրն իրականացվում է Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։