ԱՆՁԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ. ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ
2020թ․-ի մարտի 31-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ի․Հ․-ն։ Վերջինս Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակ է զորակոչվել 2020թ․ հունվարի 13-ին։ Ի․Հ․-ն հանդիսանում է նույնասեռական անձ։ Նա զորակոչի բուժզննման ամբողջ ընթացքում չի ներկայացրել տեղեկություն իր սեռական կողմնորոշման վերաբերյալ՝ վախենալով հանձնաժողովի անդամների կողմից տեղեկատվության տարածումից։
Սակայն, չնայած այդ հանգամանքը թաքցնելու փորձերին, ծառայակից ընկերները տեղեկանում են Ի․Հ․-ի սեռական կողմնորոշման մասին և սկսում նրա նկատմամբ ճնշումներ գործադրել։
Նշված ժամանակահատվածում Ի․Հ․-ն առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ որոշել է բարձրաձայնել իր սեռական կողմնորոշման և դրա արդյունքում իր նկատմամբ գործադրված ճնշումների մասին։ Սակայն տեղի աշխատակիցների շրջանում եղել են համագյուղացի անձինք և Ի․Հ․-ն կրկին խուսափել է այդ հարցից։
Արդյունքում, Ի․Հ․-ն իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով դիմել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 2020թ․-ի ապրիլի 1-ին գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, խնդրելով․
— Ի․Հ․-ին ճանաչել պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ անհրաժեշտության դեպքում կատարելով կրկնակի բուժզննում։
— Գործի շրջանակներում պահպանել քաղաքացու անձնական տվյալների և մասնավոր կյանքի վերաբերյալ գաղտնիությունը։
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունից բանավոր տեղեկացրել են, որ անձը կենթարկվի կրկնակի բուժզննման, իսկ մինչ այդ կմնա զինվորական հոսպիտալներից որևէ մեկում՝ զորամասում հնարավոր ճնշումների չենթարկվելու նպատակով։ Այս մասին ՊՆ-ն ներկայացրել է նաև գրավոր պատասխան, որը Կազմակերպությունը դեռևս չի ստացել։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կկատարվի սույն գործի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ լուսաբանում։
Պարզաբանում․
ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հոդված 8․
Ներառում է անձի և վարքի, ներառյալ` անձի յուրահատուկ և խառը խանգարումները, սովորույթների և հակումների, սեռական նույնացման, սեռական նախընտրության, սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումները, արտահայտված և կոմպենսացիայի չենթարկվող ձևերը, անձի` հաճախակի դեկոմպենսացիաներով խանգարումները, ինչպես նաև կրկնվող իրավիճակային և անձնային ռեակցիաները, որոնց հաճախականությունը 1 տարվա ընթացքում 3 անգամ և ավելի է:
Տվյալ դեպքում անձը ոչ պիտանի է պարտադիր զինվորական ծառայության համար։
Սույն իրավաբանական աջակցությունը հնարավոր է դարձել Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։