ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ԱՆՁԻՆ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԿ-ՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2020թ․-ի ապրիլի 22-ին հարուցվել է վարչական վարույթ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2020թ․-ի մարտի 16-ին քաղաքացի Ռ․Խ․-ի համար լրացված, վարված և շրջանառված բժշկական փաստաթղթերում կատարված գրառումների համապատասխանությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19․3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ առողջապահության նախարարի 2014թ․-ի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին պարզելու նպատակով։
Պարզաբանում․
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19․3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ․
Բուժաշխատողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև արձանագրել բժշկական միջամտությունները.
ՀՀ առողջապահության նախարարի 2014թ․—ի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետ․
Հաստատել մեծահասակի հիվանդության պատմագրերը` համաձայն հավելված N 1-ի
Գործի նախապատմությունը․
2020թ․-ի մարտի 16-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ էր դիմել քաղաքացի Ռ․ Խ․-ն, ում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հրաժարվել են կատարել հաստ աղիքի ճաքի վիրահատություն՝ տեղեկանալով նրա ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։ Վերջիններս պարզաբանել են, որ ՄԻԱՎ-ով ապրող անձինք պետք է պահվեն առանձին, ազատ հիվանդասենյակներում, որպիսիք այս պահին առկա չեն։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն այս մասին գրավոր բողոք էր ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և հանցագործության մասին հաղորդում՝ ՀՀ ոստիկանություն։
2020թ․-ի մարտի 25-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խնդրել է, քաղաքացու բողոքի հիմքով վարչական վարույթ հարուցելու և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում զննում իրականացնելու համար տրամադրել որոշ փաստաթղթեր, որոնք հետագայում տրամադրվել են։
Սույն իրավաբանական աջակցությունը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։