«ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԿ-ՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ

2020թ․-ի մարտի 16-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել քաղաքացի Ռ․ Խ․-ն, ում «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնում հրաժարվել են վիրահատել՝ տեղեկանալով նրա ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն այս մասին գրավոր բողոք է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ ոստիկանություն։

2020թ․-ի մարտի 25-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խնդրել է, քաղաքացու բողոքի հիմքով վարչական վարույթ հարուցելու և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում զննում իրականացնելու համար տրամադրել որոշ փաստաթղթեր, որոնք հետագայում տրամադրվել են։

 

2020թ․-ի ապրիլի 20-ին քաղաքացի Ռ․ Խ․-ն «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրված փաստաբանի հետ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել բացատրություն։

 

 

Գործի մանրամասները

2020թ․-ի մարտի 16-ին, առավոտյան ժամը 11։00-ի սահմաններում քաղաքացի Ռ․ Խ․-ն իր ընկերոջ հետ այցելել է «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն՝ հաստ աղիքի ճաքի հետ կապված գանգատներով և սուր ցավերով։ Տեղում, բժշկական կենտրոնի վիրաբույժ- պրոկտոլոգի կողմից քաղաքացին ստացել է խորհրդատվություն և շտապ վիրահատական միջամտության ցուցում։ Առաջարկվել է հանձնել անհրաժեշտ անալիզները, որից հետո պետք է նշանակվեր վիրահատության հստակ օր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Սակայն այն բանից հետո, երբ Ռ․Խ․-ն վիրաբույժ- պրոկտոլոգին տեղեկացրել է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, վերջինս հեռացել է խորհրդակցության։ Վերադառնալով բժիշկը նշել է, որ ըստ բաժնի վարիչի ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձինք պետք է պահվեն առանձին, իսկ իրենց հիվանդանոցում տվյալ պահին առանձին ազատ մահճակալներ առկա չեն և նրանք ոչնչով չեն կարող օգնել, առավելագույնը կարող են դեղորայք նշանակել։ Արդյունքում անձը ճարահատյալ դիմել է այլ բժշկական կենտրոն, որտեղ նրան տրամադրվել է պատշաճ բուժօգնություն և առաջիկայում կկատարվի վիրահատական միջամտություն։

 

 

Պարզաբանում

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

  • Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  • ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն ստանալ ոչ խտրական վերաբերմունք.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

  • Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

— ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.

— արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում

  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.
  • Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Բուժաշխատողները պարտավոր են`

— առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

— յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն.

— հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

  • Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով: