ԱՆՉԱՓԱՀԱՍԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ․ ՆՍՀԿ-Ն ԴԻՄԵԼ Է ՄԻՊ
2020թ․-ի ապրիլի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ տանից փախուստի է դիմել 11 ամյա Դ․Մ․-ն՝ իր սեռական կողմնորոշման հիմքով ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով և փորձել է ապաստան հայցել ընկերներից։
ՆՍՀԿ փաստաբանի հորդորով վերջիններս դիմել են ՀՀ ոստիկանություն։
Արդյունքում ոստիկաններն այցելել են նշված վայր և տուժողին ու ընկերներին տարել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին։
Երեխան ոստիկանության համապատասխան բաժնում շարունակել է պնդել, որ ցանկանում է հեռանալ ընտանիքից և ունենալ այլ խնամակալ, քանի որ հայրը, իր սեռական կողմնորոշման մասին իմանալուց ի վեր պարբերաբար ստուգում է իր հեռախոսային նամակագրությունները, հետևում զանգերին, ստիպում չշփվել ընկերների հետ, ովքեր նույնպես հանդիսանում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ և հաճախակի գործադրում է բռնություն։
Հաշվի առնելով, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ անչափահաս տուժողի իրավունքները նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը, իսկ Դ․Մ․-ն ոստիկանության բաժնում գտնվել է մենակ և տվյալ պահին իրավասություն չի ունեցել լիազորելու նույնիսկ փաստաբանին, ուստի անհրաժեշտ է եղել հետաձգել համապատասխան քննչական գործողությունները։
Ոստիկանների կողմից բաժին է հրավիրվել նաև տուժողի հայրը, ով էլ հանդիսացել է բռնարարը։ Արդյունքում վերջինիս նկատմամբ առնվազն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ կիրառելու փոխարեն, դաստիարակչական աշխատանքներ են տարել երեխայի հետ, ստիպելով վերադառնալ տուն։
Իրավիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ՆՍՀԿ փաստաբանը շտապ ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
ՄԻՊ աշխատակցի արագ արձագանքման արդյունքում երեխայի հոր նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց՝ նախազգուշացում և երեխային տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր։
Մնացյալ գործողությունները կկատարվեն մանկավարժի ներգրավման պահից։
Պարզաբանում․
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
- Անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել` պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:
- Մինչև տասնվեց տարեկան տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
- Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: