Մշտապես խոցելի․ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները՝ պանդեմիայի պայմաններում
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որակեց Կորոնավիրուսը որպես պանդեմիա, որով պայմանավորված աշխարհի գրեթե բոլոր երկրների կառավարությունները սկսեցին գործողությունների շարք՝ համաճարակի հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն և հոգածություն է ցուցաբերվում այս համաճարակի նկատմամբ առավել խոցելի խմբերին՝ տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։ Սակայն ոչ միայն պանդեմիայի ժամանակաշրջանում, այլև մշտապես խոցելի համարվող ոչ բոլոր խմբերն են կառավարությունների հոգածության ներքո։ Մասնավորապես՝ գեյ, լեսբի, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց խոցելիությունն ու կարիքները անգամ քննարկման չեն արժանացել բազմաթիվ երկրներում։
Հայաստանում ևս ԼԳԲՏԻ անձանց կարիքների գնահատում չի արվել, և գուցե հնարավոր էլ չլինի անել, քանի որ այդ համայնքի վերաբերյալ չկան պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Առկա ոչ պաշտոնական տվյալներն էլ չեն կարող լինել ամբողջական և լիարժեք հավաստի, քանի որ նույնասեռական անհատների ճնշող մեծամասնության համար ցանկալի չէ նույնականացվել որպես մշտապես թիրախավորված համայնքի ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ, պանդեմիայի շրջանում ԼԳԲՏԻ անձինք առավել խոցելի են, և այդ խոցելիությունը որոշակիորեն կարելի է գնահատել առնվազն երկու ուղղություններով՝ առողջապահական ոլորտի ծառայությունների հասանելիություն և սոցիալական ապահովություն։
Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ ԼԳԲՏԻ անձինք խտրականության են ենթարկվում առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում։ Կազմակերպությունը նման խնդիր է արձանագրել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Լիբանանում։ Պանդեմիայով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության շուրջ մտահոգությունների վերաբերյալ փաստաթղթում կազմակերպությունը նշում է, որ կառավարությունները պետք է ապահովեն առողջապահական ծառայությունները առանց որևէ խտրականության և խարանի։
Հայաստանում այդպիսի խնդիրներ է արձանագրել «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ ԼԳԲՏԻ անձանց առողջապահական իրավունքների խախտումների վերաբերյալ 2019 թվականի ազգային զեկույցում նշելով, որ առողջապահական իրավունքների խախտումները հիմնականում ուղեկցվում են նաև այլ իրավունքների խախտմամբ։ «Նոր Սերունդ» ՄՀԿ-ն այս օրերին որևէ ահազանգ չի ստացել ԼԳԲՏԻ համայնքից Հայաստանի առողջապահական համակարգում խտրականության վերաբերյալ ։ Սակայն կազմակերպությունն արձանագրում է, որ արտակարգ իրավիճակ հայտարարելիս հաշվի չի առնվել ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի իրականացումը ԼԳԲՏԻ, ԹՆՕ (թմրամիջոցների ներարկային օգտագործող) և ԿՍԿ (կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք) մարդկանց շրջանում։ Կազմակերպությունն, այնուամենայնիվ, փորձում է իր աութրիչների ներգրավման միջոցով, պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային ցուցումները, շահառու ռիսկային խմբերին ապահովել համապատասխան նյութերով։
Սակայն հայտնի է, որ հատկապես տրանս անձինք խնդիրներ են ունենում բժշկի դիմելիս, նրանցից շատերը խուսափում են դիմել բժշկական ծառայություններ մատուցող կենտրոններ՝ ավելորդ հարցերից և խտրական վերաբերմունքից խուսափելու համար։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որի հետևանքով ԼԳԲՏԻ անձանց 14%-ը խուսափում է բժշկական օգնության դիմելուց (LGBT in Britain Health report)։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Human Rights Campaign կազմակերպության տվյալներով՝ համաճարակի պայմաններում ԼԳԲՏԻ անձինք առավել խոցելի են առողջապահական ռիսկերի առումով, մանավանդ, որ նրանց 21%-ը քրոնիկ հիվանդություն՝ ասթմա ունի, իսկ 17%-ն էլ չունի բժշկական ապահովագրություն։
ՀՀ Կառավարությունը երկու շաբաթ առաջ հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրն ու տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները։ Ծրագրի ուղղություններից մեկը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Թեև ներկայացված չէ խոցելի խմբերի սպառիչ ցանկ, այնուամենայնիվ, Կառավարության կողմից մինչ օրս հատկացվող օժանդակության ծրագրերից որևէ մեկը նախատեսված չէ ԼԳԲՏԻ անձանց համար։ Սրա պատճառներից մեկն էլ թերևս Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի վերաբերյալ լայնամասշտաբ և խորքային հետազոտությունների բացակայությունն է։ Համայնքի խոցելիությունը չափված ու փաստաթղթավորված չէ, չկան տվյալներ այն մասին, թե ԼԳԲՏԻ անձանցից քանիսն են այս օրերին զրկվել աշխատանքից, քանիսն էին աշխատում օրավարձով՝ առանց պայմանագրի ու գրանցման, քանիսը սննդի ու կենսական անհրաժեշտության պարագաների պակաս ունեն։
ԼԳԲՏԻ անձանցից շատերն են խտրականության ենթարկվում աշխատաշուկայում (ԱՄՆ-ում՝ ԼԳԲՏԻ անձանց 20%-ը), ուստի աշխատանք ընտրելու հնարավորությունները նրանց համար շատ ավելի սահմանափակ են, քան ոչ ԼԳԲՏԻ անձանց համար։ Նույնասեռական անձանցից շատերն են աշխատում սպասարկման ոլորտում (ԱՄՆ-ում՝ 15%-ը)։ Սա նշանակում է, որ երկրում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ԼԳԲՏԻ անձանց շրջանում գործազրկության տոկոսն ավելի բարձր է։ Հետազոտությունների բացակայության պայմաններում անհնար է ստույգ թվերով հիմնավորել այս պնդումը, սակայն «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության ստացած ահազանգերը ևս վկայում են, որ ԼԳԲՏԻ համայնքում սոցիալապես անապահով մարդիկ զգալի տոկոս են կազմում․ վերջին 10 օրում 364 դիմում, որի զգալի մասը աշխատանքի բացակայության և բնակարանի վարձավճարների վերաբերյալ։
ԱՄՆ-ում, օրինակ, ԼԳԲՏԻ անձանց ամեն հինգերորդն ապրում է աղքատության մեջ, իսկ անտուն երիտասարդների 40%-ն իրենց նույնականացնում են որպես ԼԳԲՏԻ անձ (տվյալները՝ Human Rights Campaign-ի)։
«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազակերպության կողմից պատրաստած 2018-2019 թվականների զեկույցը ևս փաստում է, որ հայաստանյան հասարակությունն անհանդուրժողականություն ու ագրեսիա է ցուցաբերում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ, ուստի արտակարգ իրավիճակների պայմաններում ՀՀ Կառավարության կողմից ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ հոգածություն ցուցաբերելը կարող է սվիններով ընդունվել, մանավանդ որ մինչ այդ էլ Փաշինյանի կառավարությանը քաղաքական շահարկումների նպատակով մեղադրել են ԼԳԲՏԻ համայնքին հովանավորելու մեջ։ Ուստի դժվար է ակնկալել, թե ՀՀ Կառավարությունն իր աջակցության ծրագրերից որևէ մեկը կուղղի այս համայնքի կարիքավոր ներկայացուցիչների խնդիրները լուծելուն։ Նման պայմաններում անհրաժեշտ է համայնքի ներսում փոխօգնության խմբերի ձևավորումն ու միմյանց հոգեբանական, նյութական և կացարանային աջակցություն տրամադրելը։ Պանդեմիայի պայմաններում ԼԳԲՏԻ համայնքի ներսում ևս համերաշխության և փոխաջակցության մթնոլորտի ձևավորումը էական գործոն կարող է լինել առողջապահական, սոցիալական և իրավական ոլորտներում ծագող խնդիրները հաղթահարելու համար։
Արտակարգ իրավիճակում ԼԳԲՏԻ անձանց կացության և անվտանգության խնդիրներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։
Արման Ղարիբյան
Անկախ լրագրող
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: