ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ

ՄԻԱՎ-ը՝  Մարդու իմունային անբավարարության վիրուսը,  ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին
վերահսկելի է, այնինչ մինչ օրս  շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում  են  ՁԻԱՀ-ի՝  Ձեռքբերովի իմունային
անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում
ՁԻԱՀ-ը  ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի
ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:
«ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը դարձել է առավել հասանելի,  քան երբևէ»,- ասում է «ՄԻԱՎ-ի
կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ և տրանս անձանց շրջանում»  ծրագրի համակարգող Արտյոմ
Մովսեսյանը, որը մասնակցում էր  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում»
կազմակերպված ՄԻԱՎ-ի թեստավորման և կանխարգելման վերապատրաստման սեմինար-վարժանքին:
Ծրագրի օգնական Լևոն Չիլինգարյանը նշում է․ որ «2017 թվականի օգոստոսից  ՆՍՀԿ-ի շահառուներն
արդեն իսկ հնարավորություն ունեն անվճար, գաղտնի և անանուն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն
անցնել կազմակերպության գրասենյակում։ Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված
աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես շահառուի տանը, այնպես էլ այն
վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ
նախապայմանները՝  ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիություն և այլն»։ Թեստավորման
վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
Վերապատրաստման դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախային խմբերի հետ
աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցներն ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի
վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական
հմտություններ՝ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու
համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի
այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:
Վերապատրաստման դասընթացը իրականացվում է ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի
կողմից։
ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ և Տրանս անձանց շրջանում ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ
Առողջապահության նախարարության կողմից՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի
ֆոնդերի հաշվին։