ՆԱԽՆԱԿԱՆ ՄԻԱՎ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-Ի ԿՀԿ-Ն ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020թ․-ի մարտի 3-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակիցը լնդային տրանսուդատի հետազոտության միջոցով հայտնաբերված ՄԻԱՎ նախնական դրական կարգավիճակ ունեցող շահառուին  ուղղորդել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որպեսզի այնտեղ վերջինս անցնի ՄԻԱՎ վարակի լաբորատոր հետազոտություն և հաստատման դեպքում ընդգրկվի բուժման և խնամքի ծառայություններում։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Ալեքսանդրի Սիլկան կազմակերպության աշխատակցին և շահառուին հայտնել է, որ այդ պահին չեն կարող հետազոտություն անցկացնել, քանի որ լաբորատոր ախտորոշման բաժնի աշխատակիցները տեղում չեն։ Ըստ բժշկի՝ պետք է սպասել մինչև ախտորոշման բաժինը աշխատի։  

«Բնակչության բժշկական օգնության  և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19․3 հոդվածի համաձայն բուժաշխատողները պարտավոր են․ 

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով․․․

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը իր հարցազրույցներից մեկում վստահեցրել է, որ իրենց բողոքի ակցիաների պատճառով հիվանդների, պացիենտների բուժումը տուժել չի կարող։

Մանսավորապես, նա նշել է․ «Հայտնում ենք մեր բողոքը բոլոր օրինական ճանապարհներով, իսկ ինչ վերաբերվում ա պացիենտների բուժմանը, այն  ծառայությունների տրամադրմանը, որոնք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը տրամադրում է, դրանք չեն կարող որևէ ձևով տուժել և էս ամբողջը չի կարա որևէ ձև անդրադառնա մեր աշխատանքի վրա»։

Չնայած Կենտրոնի փոխտնօրենի վստահեցումներին, այնուամենայնիվ Կենտրոնի նման գործողություններից տուժում են պացիենտները, շահառուները, քանի որ փաստացի շահառուին չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական սպասարկումը։

Խստորեն դատապարտում ենք նման մոտեցումը պացիենտների նկատմամբ և պահանջում շտապ լուծում գտնել ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։  Այս հակամարտության արդյունքում տուժում են միայն պացիենտները։

Հորդորում ենք ՀՀ Կառավարությանը և Առողջապահության նախարարությանը շտապ լուծում տալ իրավիճակի կարգավորման համար։

Հիշեցում՝

  • ՀՀ Կառավարության 2020թ-ի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման համաձայն «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվելու է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին, որի շուրջ իրենց անհամաձայնությունն են հայտնում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները։ Կենտրոնի աշխատակիցներից մեծամասնությունը աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա: