ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի 2 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՈՄՈՒՆԻԿԱՑՎԵԼ Է ՄԻԵԴ-Ի ԿՈՂՄԻՑ

Ք․ Երևան                                                                                                              01․07․2019թ․

«ՆՈՐ ՍԵՐՈւՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի 2 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՈՄՈՒՆԻԿԱՑՎԵԼ Է ՄԻԵԴ-Ի ԿՈՂՄԻՑ

2019թ․-ի մայիսի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կոմունիկացվել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից ներկայացված երկու դիմումները՝ Ա․ Ս․-ն ընդդեմ Հայաստանի (դիմումը ներկայացվել է 20․02․2018թ․-ին) և Ս․ Պ․-ն ընդդեմ Հայաստանի (դիմումը ներկայացվել է 26․02․2018թ․-ին)։ Ըստ դիմումների երկու դեպքում էլ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում։

Դեպքի նկարագիր.

Տրանսգենդեր կանայք՝ Ա.Ա.-ն, Ս.Պ.-ն և Ա.Ս.-ն գտնվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում, երբ Ա.Զ.-ն իր սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել նրանց մոտ: Ուղևորի նստատեղում գտնվող աղջիկը լուսանկարել է տրանսգենդեր կանանց և հայհոյել, որոնք ի պատասխան նույնպես հայհոյել են: Ա․Զ․-ն դուրս է եկել ավտոմեքենայից և հարվածել Ս.Պ.-ին, հարձակվել Ա.Ս.-ի վրա և փորձել խեղդել: Այնուհետև նրանք նստել են ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Արդյունքում տուժող ճանաչվելու փոխարեն, Ա.Ա.-ն, Ս.Պ.-ն և Ա.Ս.-ն գործում ներգրավվել են որպես մեղադրյալներ։ 2017թ․-ի սեպտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում Ս․Պ․-ն բազմիցս ենթարկվել է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգման, որի վերաբերյալ նույնպես փաստաբանի կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Ս․Պ․-ն կալանքի տակ է գտնվել շուրջ երկու տարի, իսկ Ա․Ս․-ն դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: