Իրազեկում հանուն հավասարության եվ ներառման

Ամիսներ առաջ «ՈՒՆԻՍՈՆ ՀԿ»-ն կազմակերպել էր դասընթաց խտրակություն թեմայով: Տեղեկատվությամբ հագեցած դասընթացը հիմք հանդիսացավ, որ ես և իմ ընկերները, ովքեր ևս ներկա էին դասընթացին, մեր փոքրիկ ներդրումն ունենանք այդ տեղեկատվության տարածման գործում, որը կնպաստի առողջ և իրազեկ հասարակության ձևավավորմանը:

 

Հաշմանդամությունը վաղուց դադարել է կնիքված դատավճիռ լինելուց: Հենց այս համոզմամբ էլ «ՈՒՆԻՍՈՆ ՀԿ»-ի աջակցությամբ,  որոշեցինք դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հայտարարած ենթադրամաշնորհային ծրագրին և սեմինար-հանդիպումներ կազմակերպել ՀՀ տարբեր մարզերում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարազատների հետ:

 

Դասընթացները, որ կրում էին «Իրազեկում հանուն հավասարության և ներառման» խորագիրը, տեղի ունեցան Մեծամոր, Մասիս, Աշտարակ և Երևան քաղաքներում:

Դասընթացների ժամանակ խոսվեց այն մասին, թե ինչ է հաշմանդամությունը, ովքեր են հաշմանդամություն ունեցող անձինք, ինչ է խտրականությունը, ինչպիսի խտրականության են առավել հաճախ ենթարկվում ՀՀ-ում ապրող հաշմանդամություն ունեցող անձիք: Խոսեցինք նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող արտոնությունների և դրանցից օգտվելու կարգի մասին:

Անդրադարձանք կրթական համակարգում կատարվող և կատարված բոլոր փոփոխություններին, որոնք  հավասար պայմաններ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի և հաղորդակցման համար:
Ծանոթացանք նշված քաղաքներում առկա խնդիրներին և համապատասխան առաջնահերթությունների ցանկ ներկայացրեցինք համապատասխան իրավասու մարմիններին: Ծանոթացանք նաև այն բոլոր պայմաններին, որոնք ստեղծվել ու ստեղծվում էին տվյալ քաղաքներում անձի կյանքի որակի բարելավման համար:

Դրանցից ուշարժան էր «Հույսի Մեծամոր»`ք. Մեծամոր, «Հույսի շողեր»`ք. Մասիս կենտրոնների կատարած աշխատանքը: Այս կենտրոններում համապատասխան մասնագետները աշխատում են տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ` նպատակ ունենալով կոտրել կարծրատիպերն ու օգնել հաշմանդամ երեխա ունեցող ծնողներին հաղթահարել դժվարությունները:

 

Քաղաք Աշտարակում եղանք «Առաջընթաց» ՀԿ- ում, ծանոթացանք քաղաքում առկա խնդիրներին: Տեղեկացանք, որ որոշ կամավորներ Աշտարակ քաղաքում կազմակերպում են ուսումնական դասընթացներ` այդ թվում,  օտար լեզուների ուսուցում` Աշտարակում և հարակից շրջաններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Երևան քաղաքում հանդիպումը կազմակերպվեց Կենտրոն համայնքի զբաղվածության կենտրոնում: Երևանում մեր հատուկ հյուրն էր նշված զբաղվածության կենտրոնի տնօրեն Մ. Սևոյանը: Պարոն Սևոյանը սեմինարի մասնակիցներին տեղեկացրեց բոլոր այն արտոնությունների մասին, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք՝ այս կամ այն վայրում աշխատելու պարագայում:

 

Դասընթացները տվեցին իրենց արդյունքը. հաշմանդամություն ունեցող շատ  անձինք հասկացան, որ ժամանակակից աշխարհում `տեղեկացված լինելու դեպքում, հնարավոր է ունենալ հավասար ապրելու և տեղաշարժվելու  պայմաններ: Ներկա պայմաններում վստահաբար կարող եմ ասել, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն ավելի շատ արտոնություններ և հնարավորություներ ապրելու և զարգանալու համար` սկսած կրթական համակարգի փոփոխություններից, մինչև աշխատանքային պայմանների ստեղծումն ու բարելավումը պետության և անհատ գործատուների կողմից:

 

Եթե հաշմանդամություն ունեցող անձինք մի պահ դադարեն իրենց հիվանդ համարելուց՝ վստահեցնում եմ, որ կկարողանան հասնել շատ ավելիին: Ի վերջո հաշմանդամությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային բազմազանության մի տեսակ, ինչպես մարդու ռասսայական պատկանելությունը կամ մաշկի գույնը:

Սեփական իրավունքների մասին իրազեկումը կբացի բոլոր ենթադրյալ փակ դռները:

 

Փիրուզա Մկրտչյան

Ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար