«Հավասարությունը բոլորինս է» ենթադրամաշնորհային ծրագիր` հանուն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության արգելքի

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվել է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և այդ իրավունքներն ու ազատությունները պետք է գործադրվեն առանց  որևէ խտրականության՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ունեցվածքից, դասային պատկանելությունից կամ որևէ այլ կարգավիճակից:

 

Խտրականության արգելքը ամրագրված է նաև ՀՀ կողմից վավերացված կամ հաստատված գրեթե բոլոր միջազգային հիմնարար պայմանագրերում, սակայն փորձագիտական մոտեցումների համաձայն Հայաստանում խտրականությունն առավել հաճախ դրսևորվում է կրոնի, սեռական կողմնորոշման, ֆիզիկական և հոգեկան առողջության, գույքային դրության, սեռի, տարիքի հիմքերով:

 

Խտրականության արդյունքում անձը մեկուսացվում է հասարակությունից, զրկվում է քաղաքացիական իրավունքներից, աշխատանքի և կրթություն ստանալու հնարավորությունից, բնակության վայրից, հանրային կյանքին մասնակցելու իրավունքից և այլն:

 

Խտրականության դրսևորման պատճառները բազմաթիվ են՝ տեղեկացվածության պակաս, ներքին վախեր կամ կարծրատիպեր, ազգային ավանդապաշտական մտածողության և մոտեցումների պահպանում:

 

Կարևորելով խնդրի հրատապությունը՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը 2016 թ.-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Լոռու մարզում իրականացրել է «Հավասարությունը բոլորինս է» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր նպաստել Վանաձոր քաղաքի բնակչության իրազեկման բարձրացմանը՝ խտրականության բացասական հետևանքների և հավասարության գաղափարախոսության կարևորության վերաբերյալ՝ բարձրացնելով Վանաձոր քաղաքի հանրության իրազեկման մակարդակը խտրականության բացասական հետևանքների կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև տարախելով հավասարության գաղափարի գիտակցման կարևորության վերաբերյալ տեղեկատվություն:

 

 

 

Ենթադրամաշնորհը տրամադրել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի կողմից իրականացվող «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն. ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը իրականացվել է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ֆինանսավորմամբ և նպատակ ուներ հզորացնել ՔՀԿ-ների՝ խտրականության կանխարգելմանն ու ապահով տարածքների ստեղծմանն ուղղված կարողությունները: