ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LIFE-17 ԱՐՏԱԳՆԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ

2021 թվականի սեպտեմբերի 29-30-ը տեղի ունեցավ «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-17 արտագնա տեղեկատվական հարթակը, որը այս անգամ նախատեսված էր ԼԳԲՏԻ սկսնակ ակտիվիստների համար:

ԼԱՅՖ-17 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության, առաջնորդության, ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

 

Բացման խոսքով հանդես եկավ տեղեկատվական հարթակի ֆասիլիտատոր, ՆՍՀԿ ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանը,  ներկայացրեց կազմակերպության պատմությունը, գործունեության ոլորտները և առաջնահերթությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հետաքրքրվածության և մասնակցության համար։

 

Տեղեկատվական հարթակի սկզբում մասնակիցները ներկայացան՝ նշելով, թե որ մարզն են ներկայացնում, ինչու են ցանկանում մասնակցել և ինչ են ակնկալում տեղեկատվական հարթակից։

Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները» և «Խարանի և խտրականության կանխարգելում» թեմաներին, որոնք ներկայացրեց իրավաբան, դասընթացավար Լուսինե Գասպարյանը՝  խոսելով մարդու իրավունքներ հասկացությունից, ներկայացնելով մարդու իրավունքները տարբեր ժամանակահատվածներում, մարդու իրավունքների սերունդները, պաշտպանության ներպետական և միջազգային համակարգերը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը։ Դասընթացավարը մասնակիցներին ծանոթացրեց նաև խտրականության սահմանմանը, խտրականության տեսակներին ու հիմքերին, խտրական տերմիններին և դրանց անխտրական տարբերակներին։

 

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր «Առաջնորդություն և ակտիվիզմ» և «Սեռականություն» թեմաներին։ Դասընթացավար Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդություն հասկացությունը, առաջնորդության բնութագիրը, առաջնորդի հատկանիշները, ինչպես նաև տեսակները։ Ներկայացվեց նաև ԼԳԲՏ ակտիվիզմի պատմությունը, տարբեր շարժումների նախադեպերը և ակտիվիստների կարևորությունը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Դասընթացավարը խոսեց նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին և որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորության մասին։

 

Օրվա երկրորդ հատվածում Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «Սեռականություն» թեման, որի շրջանակներում մասնակիցները խմբային խաղերի, ոչ ֆորմալ կրթական միջավայրի միջոցով ծանոթացան բարդ թեմային, բացահայտեցին սեռականության կոմպոնենտները, սկսեցին մտածել իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին, տարբերեցին մի շարք կարևոր տերմիններ, ինչպիսիք են սեռական վարքագիծը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։  

 

 

 

Տեղեկատվական հարթակը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելնսիկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։