+374 60 478989

«Ես պայքարում եմ իրական ժողովրդավարության համար». Արման Սահակյան` իրավապաշտպան:

16 Մարտի, 2019

Իմ նկատմամբ բազմիցս է դրսևորվել խտրականություն, բայց 2014թ.-ին տեղի ունեցավ մի արտառոց դեպք, երբ «Իրավունք» թերթը հրապարկեց հոդված` «Ագգի ու պետության թշնամիները» վերնագրով, որտեղ ներկայացված էր 60 անձանց անուններով սև ցուցակ: Ցուցակում նաև իմ անունն էր գրված:

Հոդվածում կոչ էր արվում գործատուներին հանել մեզ աշխատանքից, ցուցաբերել զրո հանդուրժողականություն, փողոցում տեսնելիս թքել մեզ վրա և անհանդուրժողականության այլ դրսևորումներ ունենալ մեր նկատմամբ:

 

Այդ ամենը սկսվեց նրանից, երբ 2014թ.-ին Եվրատեսիլի մրցույթում հաղթեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը, և Հայաստանի ժյուրին նրան տվեց 0 բալ :

Քանի որ ես իրավապաշտպան եմ և արդեն 10 տարուց ավելի է` աշխատում եմ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ում, որը զբաղվում է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս) անձանց իրավունքների պաշտպանությամբ, Կոնչիտա Վյուրստի նկատմամբ վերաբերմունքը դիտարկեցի` որպես տրանսոֆոբիա:

 

Ես իմ գործընկերների հետ սկսեցի քննադատել և ակտիվ հարցադրումներ ուղղել հայաստանյան ժյուրիի անդամներին, թե ինչու են նրանք 0 բալ տվել Եվրատեսիլի հաղթողին, այն պարագայում, երբ ՀՀ հանրությունը 12 բալ էր քվեարկել Կոնչիտա Վյուրստի օգտին:

Դրանից հետո «Իրավունք» թերթն իմ լուսանկարով առանձին հոդված հրապարակեց ` վերնագրելով «Երբ Կոնչիտայի վկաները դառնում են ագրեսիվ»: Հոդվածում հրապարկեցին նաև իմ բոլոր անձնական տվյալները` ֆեյսբուքյան էջս, աշխատավայրիս հասցեն և թե որտեղ եմ ես սովորել:

 

Այդ ժամանակ էլ հենց կոտրեցին ավտոմեքենայիս ապակին, ֆեյսբուքում տարբեր օգտատերերի կողմից սկսեցի ստանալ սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ ու սպառնալքիներ:

Ես պահանջեցի թերթից հերքում, սակայն ապարդյուն: Դրանից հետո մենք գործընկերներով դիմեցինք դատարան:

ԼԳԲՏ անձանց վերաբերող հարցերը տաբու են Հայաստանում, դատարաններում թեման նույնպես շատ նոր է:

 

Դատարանում, որտեղ դու պետք է քեզ պաշտպանված զգաս, դատավորը ինքն արդեն խտրական մոտեցում էր ցուցաբերում: Անում էին արտահայտություններ և հարցադրումներ, որոնք արդեն իսկ խտրականացնում էին մեզ:

Դատավճիռը կայացվեց 2016թ.-ին և դատավորը ճանաչեց վիրավորանքի ու զրպարտանքի փաստը, իսկ խտրականության և ատելության փաստը չարձանագրվեց:

Այդ հիմքով մենք դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն մեր հայցադիմումը դեռևս չի կոմունիկացվել:

 

Ագրեսիան ավելի բարձրացավ իմ նկատմամբ, երբ 2018թ. Հայաստանում պետք է կազմակերպեինք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը: Այս դեպքում իմ նկատմամբ խտրական մոտցեում դրսևորվեց թե գործընկերների, թե ազգականների կողմից:

Հետո սկսվեցին հետապնդումներ իմ և գործընկերներիս նկատմամբ, հարվածեցին ու վնասեցին մեր գրասենյակի ավտոմեքենան, իսկ սոցիալական ցացներում ատելության ու անհանդուրժողականության մեծ ալիք էր`սպառնալիքներ, հայհոյանքներ և կոչեր մեզ սպանելու, ջարդելու ու Հայաստանից հեռացնելու համար: Մենք նույնիսկ մի քանի օր փակել էինք մեր գրասենյակը և աշխատանքի չէինք գնում:

Տարբեր տարիներին իմ նկատմամբ տեղի ունեցած այս իրավախախտումների հիմքով դիմել եմ թե՛ Ոստիկանություն, թե՛ դատարաններ, թե՛ Արդարադատության նախարարություն, սակայն ոչ մի վնասի փոխհատուցում, ոչ մի ընթացք գործերին չի տրվել: Հիմնականում գործերը կարճվել են:

 

Ես պայքարում եմ իրական ժողովրդավարության համար:

Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք հասնել իրական ժողովրդավարության, ապա մենք պետք է նախևառաջ գիտակցենք իրավահավասարության սկզբունքը և պետք է գիտակցնեք, որ մարդը գերագույն արժեք է բոլոր պարագաներում, անկախ իր սոցիալական որևէ պատկանելիությունից:

ԱՂԲՅՈւՐԸ՝ 

MEDIA CENTER/ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ