+374 60 478989

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՍՈՑԱՑՎԱԾ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

19 Մարտի, 2019

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խստորեն դատապարտում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լարա Ահարոնյանի դեմ ուղղված ատելության քարոզը և բռնության կոչերը։

Ատելության ալիքը համացանցում բարձրացավ Լարա Ահարոնյանի անձի դեմ 2019թ․ մարտի 8-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների ներկայացուցիչների փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո։

Փոխըմբռնման հուշագիրը նպատակ ուներ ստեղծել համագործակցության հարթակ ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ ջանքերը համատեղելու համար:

Լարա Ահարոնյանը շատ խիզախ ու համարձակ ելույթ ունեցավ հանդիպման ընթացքում։ Նա մասնավորապես խոսեց կանանց դերի, ընտանեկան բռնության և դրա դատապարտման, ինչպես նաև կանանց բազմազանության մասին՝ շեշտելով, որ բոլոր օրենքները, որոնք մշակվում և բարելավվում են, պետք է լինեն ներառական բոլոր կանանց համար։ Նա մասնավորապես նշեց․ «Շատ անգամ, երբ կնոջ մասին ենք խոսում, մենք տեսնում ենք մի տեսակ կին, մայր, շատ անգամ քույր ու վերջ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև միայնակ մայրերն ենք, մենք նաև բանակում երեխա կորցրած մայրերն ենք, մենք նաև մայր դառնալ չուզեցողներն ենք, մենք նաև տարեցներն ենք, մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք, կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ, մենք սահմանամերձ գյուղերում ապրող կանայք ենք, աղքատներն ենք, մենք եզդի կանայք ենք, հաշմանդամություն ունեցող կանայք ենք, և երբ օրենքներ են մշակվում, մենք պետք է ուշադիր լինենք, և դուք բոլորդ, որպեսզի միայն մեկ կերպարի կանայք չօգտվեն այդ օրենքներից։ Այսինքն այս բոլոր կանայք են, որ ձեր մտքում պիտի գան՝ ներառելով այս ամենը, որ ասացի, նաև միացնելով դրան ՄԻԱՎ-ով ապրող կանայք, սեքս աշխատող կանայք և շատ ուրիշներ»։

Հայրիշխանական համակարգում ապրող մարդկանց համար չափազանց խորթ են Լարա Ահարոնյանի խոսքերը, այդ պատճառով էլ առցանց տիրույթում ատելության կոչերը և սպառնալիքները չեն դադարում նրա հասցեին։ Հասարակությունը հատկապես չընդունեց Լարայի ելույթի՝ տրանս, լեսբի և բիսեքսուալ կանանց ներառելու մասին հատվածը։ Ատլության կոչերը ողողված էին հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտություններով ու սպառնալիքներով։

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն բարձր է գնահատում Լարա Ահարոնյանի և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի դերը և ներդրած ջանքերը Հայաստանում հավասար, հանդուժողական հասարակություն ձավորելու գործում։

Պետությունը դեռեւս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացամբ։

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խստորեն դատապարտում է Լարա Ահարոնյանի դեմ ուղղված ատելության քարոզը և կոչ է անում.

ՀՀ Ազգային ժողովին

- Օրակարգային խնդիր դարձնել իրավապաշտպանների հանդեպ դրսևորվող խտրականությունը,

ՀՀ Կառավարությանը

- Հանդես գալ դատապարտող հայտարարությամբ և պաշտպանել իրավապաշտպանների գործունեությունը Հայաստանում։

- ՀՀ Քրեական օրենսգրքում նախաձեռնել փոփոխություններ՝ ներառելով կարգավորումներ՝ ծանրացուցիչ հանգամանք համարել խտրականության հիմքով մարդու նկատմամբ արվող բացահայտ կոչերը և սպառնալիքները։

ՀՀ ոստիկանությանը

- Ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով և կոչերով հրահրում են բռնություն և դրդում ատելության հիմքով հանցագործությունների: